«Ես հրաժարական եմ տալիս, դուրս եմ գալիս ՀՀԿ-ից և վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն». Դալլաքյան

«Ես հրաժարական եմ տալիս և ներկայացրել եմ հրաժարական ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից:

Հայտարարում եմ, որ այսուհետ վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին, համապատասխան ձևաչափի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ: Հայտարարում եմ, որ եթե այսօրվա իմ ելույթից հետո իմ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:

Նա դիմեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի ուշադրություն դարձնեն իր հայտարարություններին:

Վ.Դալլաքյանը ներկայացրեց 25-ամյա անկախ ՀՀ-ի ռազմավարական խնդիրները` նշելով, որ 4-ից միայն մեկն է իրականացել` ԼՂՀ անկախության և անվտանգության ապահովումը, միջազգային ճանաչումն ընթացքում է: Ըստ նրա` մնացածը` ՀՀ ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն դարձնելը և Ադրբեջանին տնտեսական մրցակցությունում հաղթելու առաջադրանքը չեն իրականացել: Վ.Դալլաքյանը ներկայացրեց նաև իր քաղաքական գործունեության ընթացքում կարևորվող ռազմավարական նպատակները` ՀՀ-ն ժամանակից մրցունակ և կենսունակ պետություն դարձնելը, ՀՀ-սփյուռք հարաբերություններն այսօրվա գումարներ կորզելու և դրանք վատնելու հարթությունից տեղափոխելն է և հայկական կապիտալը հայկական քաղաքականություն դարձնելը, ԼՂՀ խնդրի կարգավորումը` հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորման վրա, Հայաստանի ապաշրջափակում` աբխազական երկաթուղու, Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկում, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում, և այլն:

Կարդացեք նաև

Վ.Դալլաքյանի խոսքով` ինքը համագործակցել է ՀՀ բոլոր նախագահների և վարչապետերի հետ, սակայն որևէ խնդրանքով նրանց չի դիմել, նախագահները ստորագրել են իր ներկայացրած բոլոր 83 օրինագծերը:

Տեսանյութեր

Լրահոս