Ադրբեջանական լրատվամիջոցներն անասելի ցնծության մեջ են. Բաքու է ժամանել Վահե Ավետյանը. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցներն անասելի ցնծության մեջ են: Այս անգամ ադրբեջանցիների ցնծության առիթն իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանն է, որը ներկայումս բնակվում է Շվեդիայում: Հոկտեմբերի 8-ին՝ ուշ երեկոյան, նա ժամանել է Բաքու: Այնտեղ նա հայտարարել է, որ ժամանել է խաղաղարար առաքելությամբ եւ ցանկանում է ծաղիկ դնել մտացածին «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշակոթողի մոտ: Haqqin.az-ին տված բացառիկ հարցազրույցում իր այցի վերաբերյալ ասել է հետեւյալը. «Ես խոստացել էի մասնակցել Մեհրիբան Կասումովայի հաղորդմանը հենց որ ժամանեմ Բաքու: Սակայն, ինչքան գիտեմ, նա արձակուրդում է, իսկ ես անսպասելիորեն եմ եկել: Այս այցի ընթացքում ես հրապարակային ելույթներ չեմ ծրագրել: Սա նույնիսկ ակցիա չէ: Սա հոգու այց է: Ցանկանում էի ծաղիկներ դնել Խոջալուի ցեղասպանության զոհերի հուշակոթողին»:
Իր հարցազրույցը նա ավարտել է հետեւյալ կերպ. «Ողջույն բոլոր ադրբեջանցիներին: Եթե ինձ նույնիսկ թույլ չտան մտնել Բաքու, միեւնույնն է ես այստեղ եմ: Իմ կողմից ծաղիկներ դրեք Խոջալուի ցեղասպանության հուշակոթողին: Մյուս անգամ ես անձամբ կդնեմ: Սիրում եմ ձեզ: Խաղաղություն ձեր տներին»,- ասել է Վահե Ավետյանը: Խոսքը վերաբերում է 1992 թվականի փետրվարի 25-26-ի գիշերն Արցախի Իվանյան (նախկին՝ Խոջալու) ավանի ազատագրման ռազմական օպերացիային, որին, ինչպես Բաքվում են պնդում, զոհ է գնացել 613 բնակիչ: Այնինչ, ժամանակին հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հայկական կողմը տեղի բնակիչներին հեռանալու մի քանի ճանապարհ է թողել եւ որ այդ արյունալի սպանդը կազմակերպել է «Ազգային ճակատ»-ը իրեն վարկաբեկելու եւ իրեն տապալելու համար, ինչն էլ նրան հաջողվել է:
Չնայած, Ավետյանի ադրբեջանահաճո հաճոյախոսություններին՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները նրան չեն թույլատրել մուտք գործել Բաքու եւ նա այսօր վաղ առավոտյան մեկնել է Կիեւ: Այնինչ, Բաքվի օդանավակայանում նա հայտարարել էր, թե մտադիր է Ադրբեջանում մնալ մինչեւ հոկտեմբերի 11-ը:
Վահե Ավետյանը բոլոր հիմքերն ունի իրեն «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար հորջորջող Վահան Մարտիրոսյանի արժանի հետեւորդը կոչվելու համար: Չնայած, որ Ավետյանը պնդում է, թե իր նախաձեռնությամբ է ժամանել Բաքու եւ առաջին հայն է, որ առանց իր այցը համաձայնեցնելու ժամանել է Ադրբեջան՝ չի կարելի բացառել, որ նա ի սկզբանե համաձայնեցրել է այցը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դեպի Ադրբեջան թռիչքների ժամանակ հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիներին թույլ չեն տալիս նույնիսկ մտնել ինքնաթիռ, էլ ուր մնաց հասնել Բաքու: Հավանաբար, նրա ամբողջ առաքելությունը սոսկ Բաքու ժամանելն էր, որը տեղի լրատվամիջոցներին թույլ կտար թմբկահարել, թե հերթական հայն է ժամանել Ադրբեջան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: