«ՃՈ ներկայացուցիչն ի՞նչ գործ ունի՝ իր ձեռքը մտցնի իմ մեքենայի սրահի մեջ կամ խազ անի ու փչացնի իմ գույքը». Էդուարդ Հովհաննիսյան

«Զոհերի թիվը վերջին 8 ամիսների ընթացքում նվազել է 60-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը ՃՈ-ն կապում է ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ իր գործունեության հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս խնդրի հետ կապված դիմում է ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին։

Դիմումում մասնավորապես նշվել է, որ ընդունված օրենքով արգելվել է մինչև 75% լուսաթափանցելիություն ունեցող թաղանթապատված ապակիների կիրառումը, իսկ նույն չափով գործարանային գունավորումը թույլատրված է, ինչը համարվում է անարդարացի վերաբերմունք վարորդների նկատմամբ։ Նաև նշվել է, որ եթե ՃՈ-ն իրականացներ թաղանթապատված հողմապակիների ստուգաչափումներն  ընդունված օրենսդրության համաձայն, ապա այսօր 500 զոհ պակաս կունենայինք, այլ ոչ թե՝ 60։

«Ստացվում է այնպես, որ ՀՀ ՃՈ-ն տարիների իր անգործության պատճառով 500 զոհ մատաղ բերեց թաղանթի (պլյոնկա) բիզնեսի համար»,- մասնավորապես նշված է դիմումում։

Նա նշեց, որ ՃՈ-ն այժմ մեքենայի թաղանթապատ լինել-չլինելը որոշում է ոչ թե օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ սարքերով, այլ ինչ-որ սուր բանով խազ են անում ապակու վրա. «Որտե՞ղ է գրված, որ պետք է գան՝ սուր բանով խազ անեն։ Դրա համար սարք կա, որ ստուգեն ու ասեն՝ թաղանթը վերացրու։ Այդ սարքերը կան, բայց չեն կիրառվում։ ՃՈ ներկայացուցիչն ի՞նչ գործ ունի՝ իր ձեռքը մտցնի իմ մեքենայի սրահի մեջ կամ խազ անի ու փչացնի իմ գույքը։ Պետք է ամեն ինչ կարգով արվի, կառավարությունը որոշում ընդունի, թե ինչպես պետք է լութափանցելիությունը ստուգվի»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս