Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը վստահ է, որ ընտրությունների երկրորդ փուլում գրանցվելու է բարձր ակտիվություն

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վստահ է՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես գրանցվելու է ընտրողների բարձր ակտիվություն և հաղթելու են արժանի թեկնածուները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին՝ դրանով իսկ իրենց վստահությունը հայտնելով կուսակցությանը։

«Ճիշտ է, ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել վերջնական արդյունքները, սակայն դատելով նախնական արդյունքներից՝ «Վրացական երազանքի» առավելությունը շատ մեծ է։ Դա ահռելի աջակցություն է, նշանակում է, որ ընտրողների մեծ մասը երկրի ղեկավարումը հաջորդող 4 տարիներին վստահում է հենց մեզ։ Դա շատ ուրախալի է մեզ համար և միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն»,- ասել է Կվիրիկաշվիլին։

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ բազմաթիվ ընտրական շրջաններում սպասվում է երկրորդ փուլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև և պատճառն այն է, որ իշխանությունը գիտակցաբար է բարձրացրել շեմը մինչև 50 տոկոս, որպեսզի ժողովրդավարության և լեգիտիմության աստիճանը բարձր լինի։

«Հայտնի է, որ սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են, երբ մեծամասնական թեկնածուները պետք է հաղթահարեն նման բարձր արգելք։ Վստահ եմ, որ երկրորդ փուլում ևս կլինի ընտրողների բարձր ակտիվություն և կհաղթեն արժանի թեկնածուները»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս