«Առաջարկում ենք Իրաքի սահմաններում գտնվող թուրքական ուժերին տեղներից չշարժվել». Իրաքի վարչապետ
Պաշտոնական Բաղդադը Իրաքում թուրքական զորքերի գտնվելու փաստի առնչությամբ սկսել է առավել խիստ հայտարարություններով հանդես գալ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Իրաքի վարչապետ Հայդար էլ Իբադին հայտարարել է, որ որևէ կերպ չեն ընդունելու թուրքական զորքերի ներկայությունն իրենց երկրի տարածքում:
«Թույլ չենք տալու, որ Թուրքիան որևէ կերպ մասնակցի Մոսուլի գործողություններին: Առաջարկում ենք Իրաքի սահմաններում գտնվող թուրքական ուժերին տեղներից չշարժվել»,- հայտարարել է Իբադին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:
Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Թուրքական կողմը, սակայն, մերժել է այդ պահանջը:
Հոկտեմբերի 5-ին Անկարան և Բաղդադը կանչել էին հակառակ երկրի դեսպաններին` հայտնելու իրենց մտահոգությունը խնդրի առնչությամբ: Իրաքը հոկտեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել` կապված իր տարածքում թուրքական զինված ուժերի ներկայության անօրինականության հետ:
Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բեշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու նպատակով: