Բաժիններ՝

«Առաջարկում ենք հավատալ նաև այն «լուրին», որ Ուրիխանյանը վաղաժամ մահացել է…». Տ. Ուրիխանյանի գրասենյակ

«Օրերս մի քանի լրատվամիջոցներ տիրաժավորել էին, ակնհայտորեն ալկոհոլային ազդեցության տակ գտնվող, մի մարդու խոսքեր, որը մեղադրում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներին իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Թեպետև կարծում ենք` չկապակցված ու անտրամաբանական այդ սուտը տեսած մարդիկ չեն էլ կարող հավատալ Ուրիխանյանի կամ իր կողմնակիցների նկատմամբ նման զառանցային իմպրեսիոնիզմին, սակայն հարկ ենք համարում նշել, որ այդ անձը shame.am  կայքի սեփականատերն է, որին պետությունը տվել է 21.000.000 դրամ գյուղատնտեսական վարկ, մինչդեռ նա զբաղվում է լրագրությամբ: Հենց այդ 21.000.000-ոց գործի առթիվ է Տ. Ուրիխանյանը պատգամավորական հետաքննություն իրականացրել, արել մի շարք բացահայտումներ և ուղարկել իրավապահ մարմիններին, իսկ ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ նաև հարց ուղղել ՀՀ կառավարությանը: Առաջարկում ենք հանրությանը համադրել վերը նշված երկու հանգամանքները և եզրակացություն անել, թե որն է պատգամավորին զրպարտելու հիմքը:

Հատուկ ընդգծում ենք, որ հենց shame.am կայքն է այն միակ տիրույթը, բացի ադրբեջանական կայքերից, որտեղ Հայոց կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու, ազատամարտի հերոսների, հարգված քաղաքական գործիչների, բարերարների, 30-ից ավելի ԱԺ պատգամավորների, գործող և նախկին նախարարների, մայրաքաղաքի և այլ քաղաքապետերի, բանակի հրամանատարների և գեներալների, մշակույթի ու հասարակական գործիչների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սեռաֆիզիոլոգիական ձևակերպումներով հայհոյանքներ տեղադրում ու պատկերում նաև մոնտաժված լուսանկարներ:

Պաշտոնապես ակնկալում ենք պատկան մարմինների համարժեք գործողություններ կայքի տիրոջ գործունեության մասով, իսկ նրա, օրերս արված, «բռնության» մասին հայտարարության առթիվ ակնկալում ենք իրավապահ մարմիններից սուտ մատնության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդված) նրան պատասխանատվության ենթարկելու գործողություն:

Իսկ այն մեր հայրենակիցներին, որոնք կարող էին հավատացած լինել Ուրիխանյանի կողմից անիրավաչափ գործողությունների իրականացմանն ու տարբեր ժամանակներում իր մասին տարածվող ստերին` առաջարկում ենք հավատալ նաև այն «լուրին», որ Ուրիխանյանը վաղաժամ մահացել է…

ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս