ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Սանայի վրա արաբական կոալիցիայի ուժերի հարձակումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Եմենում սգո արարողության վրա հարձակումը, որում մեղադրվում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան:
Պան Գի Մունը կոչ է արել անհապաղ հետաքննել կատարվածը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ հարձակմանը զոհ է դարձել 140 մարդ, 525-ը տուժել է: Այլ տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 213 մարդու:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է Սանայում սգո սրահի վրա հարձակումը, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել հրաժեշտի արարողության նպատակով: Նախնական տվյալները վկայում են, որ հարձակումը, որը, ինչպես պնդում են, կոալիցիայի ավիահարվածի հետևանք է, խլել է ավելի քան 140 մարդու կյանք, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Պան Գի Մունը ցավակցել է զոհերի հարազատներին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդասիրական վարչության ներկայացուցիչները հանդես էին եկել հարձակումը դատապարտող հայտարարություններով և կոչ էին արել հետաքննություն անցկացնել:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որին ապստամբ հուսիթները մեղադրել են ավիահարվածի իրականացման մեջ, հայտարարել է, թե առնչություն չունի կատարվածի հետ: