
Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ պոկեր ձևակերպեց Պորտուգալիայի հավաքականի կազմում

Լիոնել Մեսսիին այսպիսի բան չի հաջողվել:
Ուրբաթ Աշխարհի առաջնության որակավորման խաղի շրջանակներում Պորտուգալիան 6:0 հաշվով ջախջախեց Անդորայի հավաքականին: Սելեսաոյի 6 գնդակներից 4-ն իր հաշվին գրանցեց թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն:
«Երջանիկ եմ՝ հավաքականի կազմում առաջին պոկերի համար»,- խոստովանել է Սելեսաոյի առաջատարը Թվիթերում:
Ավելի վաղ Ռոնալդուն 3 անգամ հեթ-տրիկ էր ձևակերպել ազգային թիմի կազմում:
Պորտուգալացու հավերժ մրցակից Լիոնել Մեսսին 4 հեթ-տրիկ է ձևակերպել Արգենտինայի հավաքականի կազմում, բայց երբեք չի կարողացել 4 գնդակ խփել մեկ խաղի ընթացքում:
Հուլիսին Կրիշտիանուի հետ Պորտուգալիան հաղթեց Եվրո-2016-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը