
Գրացիանո Պելլեն հեռացվել է Իտալիայի հավաքականից՝ մարզչի հետ ձեռքսեղմումից հրաժարվելու համար

31-ամյա հարձակվողը կես տարվա մեջ երկրորդ անգամ խայտառակեց Սկուադրա Աձուրային:
Սկանդալը տեղի ունեցավ 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման Իտալիա-Իսպանիա խաղի 2-րդ խաղակեսում: Խաղի 60-րդ րոպեին Ջամպիերի Վենտուրան Գրացիանո Պելլեի փոխարեն դաշտ դուրս բերեց Չիրո Իմոբիլեին, իսկ փոխարինված Պելլեն վիրավորանքի պատճառով հրաժարվեց սեղմել գլխավոր մարզչի ձեռքը:
Խաղի ավարտից հետո Պելլեն գրել է Ինստագրամում.
«Ցավոք սրտի, ես նորից սխալ թույլ տվեցի: Դա անընդունելի արարք էր մարզչի և թիմակիցներիս նկատմամբ: Սրտանց հայցում եմ բոլորի ներողամտությունը. Գրացիանո»:
Չնայած ֆուտբոլիստի ներում խնդրելուն՝ ուրբաթ Վենտուրան հեռացրեց Պելլեին ազգային թիմից, իսկ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է իր լիակատար աջակցությունը գլխավոր մարզչին:
Պելլեն Իտալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2014 թվականից:
Հուլիսից 31-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս չինական «Շանդուն Լունեն» թիմի կազմում:
https://www.youtube.com/watch?v=otoFu_kTH-I
Պատրաստեց Անի Գաբուզյանը