
ԵՄ քաղաքացիները Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայում մնալու իրավունք կստանան

Եվրոպական Միության 3.6 միլիոն քաղաքացիները, ովքեր գտնվում են Մեծ Բրիտանիայի տարածքում, այդտեղ մնալու թույլտվություն կստանան այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կդադարի լինել Եվրամիության անդամ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրներին:
«Եվրոպական Միության շուրջ 3.6 միլիոն քաղաքացիներ ապրում են Մեծ Բրիտանիայում: Նրանց 80 տոկոսից ավելին Մեծ Բրիտանիայում ապրելու իրավունք կստանան՝ այն պահից սկսած, երբ Մեծ Բրիտանիան 2019թ. կդադարեցնի անդամակցությունը Եվրոպական Միությանը»,- գրել է թերթը:
Թերթի մեկ այլ աղբյուր ևս հաստատել է տեղեկատվությունը և շեշտել, որ ԵՄ-ի հետ հարկավոր է ստորագրել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ԵՄ-ի տարածքում ապրող բրիտանացիները ևս նման իրավունք կստանան: Տարբեր գնահատականներով Եվրամիության տարածքում ապրում է շուրջ 1.2 միլիոն բրիտանացի: