«Ադրբեջանը չի ճանաչում ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Քերիի հայտարարությունը». Նովրուզ Մամեդով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ չեն կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, «իրենց զարմացնում և վշտացնում է»։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Մամեդովի խոսքով՝ նման հայտարարությունը, որը արել է շուտով իր պաշտոնին հրաժեշտ տվել պատրաստվող պետքարտուղարը, «զարմանք է հարուցում»։

«Դա տարօրինակ իմաստ ունի, կարծես թե ուղերձ է ողջ աշխարհին: Հենց Հայաստանն է հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում պնդում, թե նախագահները պատրաստ չեն լուծել հակամարտությունը։ Բանակցային գլխավոր առաքելությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 անդամի, ներառյալ՝ ԱՄՆ-ի վրա, սակայն այդ ոլորտում շատ մեծ հաջողություն տեսնելը դեռ անհնար է»,- հայտարարել է Մամեդովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի ճանաչում Ջոն Քերիի հայտարարությունը:

«Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը լիարժեք պարզաբաներ Ջոն Քերիի հայտարարությունն այնպես, որպեսզի յուրաքանչյուրը դա հասկանար»,- ասել է Մամեդովը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն դասավորվել:

Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:

Տեսանյութեր

Լրահոս