Արտակարգ դրություն ԱՄՆ-ում․ Ֆլորիդայի միլիոնավոր բնակիչներ լքում են իրենց տները «Մեթյու» փոթորկի պատճառով
Միլիոնավոր մարդիկ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ատլանտյան ափից լքում են իրենց տները վերջին 10 տարում ամենաուժգին՝ «Մեթյու» փոթորկի պատճառով, հայտնում է BBC-ն։
Կանխատեսման ազգային կենտրոնը նախազգուշացրել է, որ փոթորկի հետևանքով կարող են բարձրանալ մինչև 5 մետրանոց ալիքներ, ինչը սպառնում է հավելյալ ավերածություններով։
Այդքան ուժեղ փոթորիկ Ֆլորիդայի ափերին չէր մոտեցել 2004թ. ի վեր։ «Մեթյուն» ողջ ուժով կպատուհասի Ֆլորիդայի կենտրոնական և հյուսիսային շրջանները, ապա կշարժվի Ջորջիայի և Հարավային Կարոլինայի կողմերը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել վերոնշյալ նահանգներում, որտեղ ուղարկվելու են փրկարարական հավելյալ ջոկատներ։
Փակվում են դպրոցները, համալսարաններն ու կառավարական հաստատությունները։
Մայամիի օդանավակայանից թռիչքների 90 տոկոսը չեղյալ է հայտարարվել։