«Ուզո՞ւմ եք, հայ ծնողներ, որ ձեր աղջիկներին չգիտեմ՝ որտեղ, երբ, ով, կրթի, եթե ուզում եք, խնդրեմ». Հայկ Բաբուխանյան
«Ազատության ռահվիրաներին և դոշ ծեծողներին ուզում եմ հիշեցնել, որ 1989 թվականին Խորհրդային Միության պայմաններում ՍԻՄ կուսակցությունը և ես հրատարակել ենք ընդհատակյա թերթ, և այն ժամանակ, երբ մենք խոսում և հետապնդվում էինք ազատության իդեալների համար, այսօրվա ռահվիրաները տաքուկ-տաքուկ նստած էին իրենց տեղերում և ձեն ու ծպտուն չէին հանում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այդ գործն անում է հայրենասիրության, մարդասիրության նպատակներով։
«Ինչ վերաբերում է մի շարք հասարակական կազմակերպություններին, որոնք մեզ մոտ գործում են ինչ-ինչ վտանգավոր, տարօրինակ նպատակներով, կարող եմ մի շարք օրինակներ բերել։ Կա, օրինակ, «Նոր սերունդ» մարդասիրական կազմակերպությունը, որն ուղիղ իր կանոնադրության մեջ գրում է, որ պայքարելու է գենդերային բազմազանության խթանման համար, կարծում եմ՝ հասկանում եք՝ ինչ նրանք դրա տակ նկատի ունեն։ «Կանանց ռեսուրսների» կենտրոնն ուզում է պայքարել խտրականության դեմ՝ աղջիկներին կրթելու միջոցով. ուզո՞ւմ եք, հայ ծնողներ, որ ձեր աղջիկներին չգիտեմ՝ որտեղ, երբ, ով, կրթի, եթե ուզում եք, խնդրեմ, բայց մենք պետք է հասկանանք՝ դա արդյոք երեխաների իրավունքների վերաբերյալ հարց չէ՞։ «Անկախ լրագրողների ցանց» հ/կ-ն ապրիլի 5-ին՝ պատերազմի օրը, ասում է, որ ատելության ալիքը պետք է ուղղվի ոչ թե՝ հարևան երկրի զինվորների և ժողովրդի դեմ, այլ՝ ազգային և անդրազգային էլիտայի։ Կոչ են անում՝ ադրբեջանական զինվորների դեմ չկրակել, այլ կրակել սեփական իշխանությունների դեմ, և այլն։ Ահա Ձեզ պարզ օրինակ, որ հ/կ-ն գործում է պետության և ազգային շահերի դեմ»,- հայտարարեց պատգամավորը։