Բաժիններ՝

Ջոն Քերին ձգտում է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման. Մեթյու Բրայզա

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան «Վեստնիկ Կավկազա»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ձգտում է օգտագործել իր ուժերը՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի խոսքերն այն մասին, թե Քերիի խոսքերը հակասում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ստատուս-քվոյի անթույլատրելիության մասին հայտարարությանը, ամերիկացի դիվանագետն ասել է, որ այդ խոսքերը կտրված են համատեքստից։

Նրա խոսքով՝ պնդումները, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր հանդիսացող ԱՄՆ-ը կորցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, ճիշտ չեն։

«ԱՄՆ պետքարտուղարի պատասխանատվության ոլորտում է ընկած անել ամեն ինչ, որպեսզի ընդունվեն որոշումներ, որոնք քաղաքականապես դժվար են, սակայն չափազանց կարևոր քաղաքական կարգավորման հասնելու համար»,- հավելել է Մեթյու Բրայզան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և անձամբ Ջոն Քերին ձգտում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեն հակամարտող կողմերին գտնելու հակամարտության քաղաքական կարգավորման ուղին:

«Պետդեպարտամենտում իմ նախկին գործընկերները ինձ հաճախ են ասում Քերիի ձգտման մասին՝ օգտագործել իր բոլոր ուժերը Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։ Այդ պատճառով ավելի խելամիտ կլիներ խոսել այդ հարցում հաջողության հասնելու իրենց առաջարկությունների մասին, քան հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական դժվարությունների մասին, որը նրանք ունեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»,- նշել է Բրայզան:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն դասավորվել:

Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս