ԴԱԻՇ-ն ստեղծվել էր Իրանին հարվածելու նպատակով․ իրանցի գեներալ
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստեղծվել էր Իրանին հարվածելու նպատակով, այլ ոչ թե Սիրիայում պատերազմելու համար։ Այս մասին, ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին։
Սուլեյմանին այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկի հիշատակին նվիրված արարողության ժամանակ, որն սպանվել էր Սիրիայում անցած տարի։
Նրա խոսքով՝ եթե չլինեին Իրանի գործադրած ջանքերը, ԴԱԻՇ-ը տարածաշրջանում կստեղծեր իր սեփական պետությունը։
Վերջին տարիներին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի անդամ է սպանվել Իրաքում և Սիրիայում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղելիս։