«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, Synergy և Localz հայկական ընկերությունները ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի են արժանացել
«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդակաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:
Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում հաղթել են հայկական Sinergy և Lokalz ընկերությունները:
Նշենք, որ այս օրերին ՏՏ ոլորտի հայկական պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում: Պատվիրակների թվում են UITE, Ucom, Instigate consulting, Instigate design, eDram, VOLO, Synergy, Localz ընկերությունների և Tumo ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները:
Հիշեցնենք նաև, որ WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարությանաջակցությամբ:
«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից: Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 160ի, որտեղ սովորում են ավելի քան 3500 դպրոցականներ: ԻՏՁՄ ծրագրում է ժամանակակից ՏՏ կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար:
Synergy International Systems-ը ծրագրային ապահովման և խորհրդատվության ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում ՝ ինչպես պետական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՀԿ-ների և մասնավոր սեկտորի կազմակերպությունների համար: Ընկերությունը հիմնադրվել է 1997 թ-ին:
Localz-ը զբոսաշրջիկների համար ստեղծված հարթակ է, որը գործում է 2015 թ-ից: Հարթակի շնորհիվ, զբոսաշրջիկները կարող են ընտրել իրենց նախընտրելի երթուղին և ուղիղ կապ հաստատել մասնագիտացված էքսկուրսավարների հետ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
Հանրային կապերի պատասխանատու