Ադրբեջանում մաքսային սակագների բարձրացումից հետո ապրանքների գների կտրուկ աճ է կանխատեսվում
«Բաց է մնում հարցը, թե արդյոք Ադրբեջանի կառավարությունում ինչ-որ մեկը հաշվարկել է ապրանքների ներքին արտադրության ծավալը, որոնց համար բարձրացվել են մաքսային սակագները»,- հայտարարել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին՝ գրառում կատարելով Facebook սոցցանցի իր էջում։
Ինչպես հայտնում է Turan-ը, Ջաֆարլին վստահ է, որ Ադրբեջանում մաքսային սակագների բարձրացման վերաբերյալ որոշումից հետո կտրուկ գնաճ տեղի կունենա։
«Որոշումը կայացվել է իբր ներքին արտադրողին պաշտպանելու համար: Արդյոք կառավարությունը հաշվարկե՞լ է, թե՞ ոչ՝ որքան է ներքին արտադրանքը բավարարելու այդ ապրանքի պահանջարկը և ինչ ազդեցություն է ունենալու գների վրա այդ որոշումը»,- գրել է տնտեսագետը։
Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ ապրանքների որոշ տեսակների ներմուծման համար բարձրացվել են
մաքսային սակագները։
Մինչ օրս Ադրբեջանում կիրառվում էր ներկրվող ապրանքների մաքսատուրքի ստանդարտ չափ՝ դրանց արժեքի 15 տոկոսի չափով։
Ադրբեջանում մաքսային սակագների բարձրացման մասին որոշումն ուժի մեջ է մտնելու 2016 թվականի նոյեմբերի 1-ից՝ երկու տարի ժամկետով՝ որոշման հրապարակումից 30 օր անց։