«Երբ հարցեր չեն լինում, կա´մ ամեն ինչ հասկանալի է և ընդունելի, կա´մ անհասկանալի է ու անընդունելի». Սերժ Սարգսյանը՝ կառավարության անդամներին
«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ գնում ենք դեպի իր սպասումներն ու ակնկալիքները բավարարելը»,- այս մասին քիչ առաջ ՀՀ կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հետո ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա թիմի անունից շնորհակալություն հայտնեց վստահության և նախագահի պարտավորեցնող խոսքերի համար: Կարեն Կարապետյանն ասաց, որ ծրագրում, որն օրերս կներկայացնեն, հուշելու են, ներկայացնելու այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են քաղաքացու՝ անվտանգ և ապահով զգալուն, արդար միջավայրում ապրելուն, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալուն: Նա նշեց, որ աշխատանքը ցանկանում են կատարել մաքսիմալ հետադարձ կապով հասարակության հետ, պարբերաբար բացատրելու են, թե ինչո՞ւ են որևէ քայլ անում:
Նախագահ Սերժ Սարգսյանը կրկին հետաքրքրվեց՝ արդյոք կառավարության անդամները հարցեր ունե՞ն, թե՞ ոչ:
«Երբ հարցեր չեն լինում, այսպիսի երկակի բան է առաջանում՝ կա´մ ամեն ինչ հասկանալի է և ընդունելի, կա´մ անհասկանալի է ու անընդունելի: Հուսով եմ, որ առաջինն է, հաջողություն եմ մաղթում»,- ասաց նա և լքեց կառավարության նիստը: