«Պաշտպանության նախարարությունը ոչ այլ ինչ է, քան նախագահի աշխատակազմի ևս մի դրսևորում». Վիգեն Սարգսյանը՝ իր տեսլականի մասին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին խնդրեց ներկայացնել իր տեսլականը պաշտպանության բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ։

Վ. Սարգսյանը նախ՝ նշեց, որ երկար տարիներ լինելով պետական կառավարման ոլորտում՝ առաջին անգամ է մասնակցում Ազգային ժողովի հետ հարցուպատասխանին, և սա իրոք շատ հիշարժան օր է իր համար։ Նա նշեց, որ կառավարության  ծրագրում ավելի լավ կներկայացվի այն տեսլականը, այն ծրագրերը, որ կան՝ պաշտպանության ոլորտին ուղղված։

«Նոր լինելով, այնուամենայնիվ, ոլորտին լավ ծանոթ եմ, որովհետև Պաշտպանության նախարարությունը ոչ այլ ինչ է, քան նախագահի աշխատակազմի ևս մի դրսևորում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք՝ զինված ուժերի վերահսկողության։  Կարծում եմ՝ այդ առումով ձեզ համար հասկանալի է, որ այն ծրագրերը, որ իրականացվելու են, լինելու են հիմնված զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի  տեսլականի վրա,  որն է՝ 25-րդ տարում մեր ազգային բանակի գոյության՝ անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետև հաշվի առնելով այն իրականությունը, որում գտնվում է մեր պետությունը, քաղաքական մարտահրավերները, ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ  մեր իրականության մի մասը»,- հայտարարեց նորանշանակ նախարարը։

Վ. Սարգսյանի խոսքով՝ պետք է հասկանալ երկու կարևոր գործոն՝ ինչպե՞ս է պետք անել, որպեսզի բանակը, ինչպես հաճախ ընդունված է ասել, շատ ծանր բեռ լինելուց՝ դառնա այդ տնտեսության և պետության առաջատարը և շոգեքարշը. «Դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, որ ծառայում են զինված ուժերում, այլ ողջ ազգաբնակչությունը  պետք է բանակի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունենա։ Բանակը կարող է այդ առումով դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում։ Բանակը պետք է, հասարակության հայելին լինելուց բացի՝ լինի նաև հասարակության դպրոցն ու դարբնոցը»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս