Էրոս Ռամազոտտիի համերգի տոմսերի գումարները հետ չվճարելու խնդիրը կառավարության ուշադրության ներքո է
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բարձրացրեց ամիսներ առաջ Էրոս Ռամազոտտիի չկայացած համերգի տոմսերի գումարները «Ֆորպոստարտ» ընկերության կողմից չվերադարձնելու հարցին։
«Մարդիկ մեծ գումարներ են վճարել այդ տոմսերը ձեռք բերելու համար, և մինչև այսօր այդ գումարները հետ վերցնելու հնարավորություն չունեն ու չգիտեն՝ ում դիմեն, ինչ անեն։ Ես ինքս առնչվել եմ այս խնդրի հետ։ Կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ կոռուպցիոն հարցեր կան, մեծ գումարներ են շրջանառվում հենց այդ ընկերությունում։ Ի՞նչ լծակներ ունենք հենց նրանց պատժի ենթարկելու համար»,- կառավարությանը հարցով դիմեց Լ. Սարգսյանը։
Արարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ պատգամավորի բարձրացրած խնդիրը թեկուզ մասնավոր դեպք է, այդուհանդերձ վերաբերում է շատ պարզ իրավական կարգավորման. «Խոսքը վերաբերում է պարտավորությունների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը։ Այն կազմակերպությունը, որը հանձն է առել տոմսերի վաճառք և չի իրականացրել պատշաճ ծառայություն, պետք է դրա համար վրա հասնեն իրավական հետևանքներ։ Իրավական հետևանքներից առաջինը վճարված գումարների հետ վերադարձն է, և, ինչո՞ւ ոչ, անհրաժեշտության դեպքում՝ իրական վնասի որոշակի դեպքերում՝ նաև բաց թողնված օգուտի հատուցումը, բայց եթե պարտապանը և պարտատերը չեն գալիս պատշաճ պայմանավորվածության, ապա այստեղ դատական կարգով այդ գումարների բռնագանձման ինստիտուտն է գործում»։
Նա նշեց, որ Լ. Սարգսյանն իր հարցադրմամբ կառավարության ուշադրությունն արդեն իսկ հրավիրեց այդ խնդրի վրա. «Կարծում եմ՝ իրավասու մարմինները հնարավորինս հետևողական կլինեն դրա նկատմամբ, անարձագանք այն չի մնա»։