
Տարվա լավագույն ուսուցիչն ու դաստիարակն ավտոմեքենաներ ստացան

Ուսուցչի օրվա կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ», «Լավագույն տնօրեն» մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: «Եթե մի երկիր չունի ամուր հանրակրթական համակարգ, այն չի կարող ինքնուրույն գործունեություն ծավալել: Սա լավագույն տոնն է, ավանդույթը, որ ձևավորվել է անկախության ընթացքում: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին»,- նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչվեց Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի հայոց պատմության ուսուցիչ Արարատ Մովսիսյանը, ով նշեց, որ անսպասելի էր մրցանակն իր համար և շատ հաճելի:
«Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթեց Գեղարքունիքի մարզի «Զարթոնք» մսուր մանկապարտեզի դաստիարակ Նարինե Հարությունյանը: Հարությունյանը չափազանց հուզված էր և ուրախ:
«Տարվա լավագույն տնօրեն» դարձավ Երևանի թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Տնօրենն ընդգծեց, որ դպրոցի դեմքն ուսուցիչն է: «Մեր դպրոցի առավելությունն այն է, որ նաև իրականացնում ենք հաջող ներառական կրթություն»,-շեշտեց Խոսրովյանը:
Տարվա լավագույն դաստիարակին և լավագույն ուսուցչին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մեքենայի բանալիներ հանձնեց, իսկ տարվա լավագույն տնօրենն արժանացավ համակարգչի:
Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և ուսուցչի տոնի կապակցությամբ ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին մի խումբ ուսուցիչներ:
Միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով և ելույթներով զարդարեցին ԵԿԹՊԻ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:
Մրցույթն անցկացվել է մարզային և հանրապետական փուլով: Յուրաքանչյուր անվանակարգի համար հատուկ հանձնաժողով է աշխատել:
«Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգի հանձնաժողովի նախագահը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն է: «Տարվա լավագույն դաստիարակինը»` Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ալեքսանյանը: «Տարվա լավագույն տնօրեն»-ի ընտրող հանձնաժողովը նախագահել է ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Լավագույնները որոշվել են բոլոր քվեների համադրությամբ: