Բաժիններ՝

«2017 թվականի բյուջեի նախագծում կոնկրետ կենսաթոշակների չափերի բարձրացման հետ կապված միջոցներ ձեռնարկված չեն». Նախարար

«Արդյոք հնարավո՞ր է ապրել այն կենսաթոշակներով, որով այսօր ապրում են ՀՀ-ում»,- հենց այս հարցն են ամենաշատը մարդիկ տվել ՀԱԿ անդամներին այս վերջին ընտրարշավի ժամանակ, ինչի վերաբերյալ այսօր ԱԺ-ում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում այսօր նվազագույն կենսաթոշակը կազմում է 14 հազար դրամ, իսկ միջինը՝  35 հազար 813 դրամ։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս թոշակներով ուղղակի անհնար է ապրել։  Լ. Զուրաբյանն ընդգծեց, որ կենսաթոշակային բյուջեն կազմում է 198 միլիարդ դրամ, այսինքն՝ մոտավորապես  420 միլիոն դոլար։ Թոշակառուների ընդհանուր քանակը 463 հազար մարդ է։

«Այս թվերին որ նայում ենք, հարց է ծագում, ի՞նչ խնդիր է մեր նման երկրի համար՝ ավելացնել կենսաթոշակներն այնքան, որ միջին  կենսաթոշակի չափն անցնի գոնե նվազագույն սպառողական զամբյուղը։ Սա կպահանջի 290 դոլարի հավելյալ հատկացում մեր բյուջեից, բայց էապես կլավացնի մոտ կես միլիոն թոշակառուների կենսակերպը, կխթանի սպառումը մեր երկրում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը։ Բյուջեի վատնումները, մսխումները, ժողովրդի պարզ լեզվով ասած՝ թալանը,  կազմում է մոտավորապես 700 միլիոն դոլար։ Այսինքն՝ եթե դադարեցվի պետական բյուջեի կողոպուտը, մենք կարող ենք էապես բարելավել ժողովրդի վիճակը, նպաստել զարգացմանը։ Ինչպե՞ս պետք է հասկանալ ֆինանսների նախարարի վերջին հայտարարությունը, որ առաջիկա ամիսներին թոշակների բարձրացում չի նախատեսվում։ Սա նշանակում է, որ դուք արդեն իսկ հայտարարում եք կառավարության կապիտուլյացիայի մասին»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ի պատասխան՝ ասաց, որ ՀՀ պետական բյուջեում սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կազմում են ծախսերի շուրջ 30 տոկոսը, և վերջին տարիներին այն ծախսերը, որոնք սոցիալական պաշտպանության ոլորտին են ուղղվել, գնալով ավելացել են։ Նա ընդգծեց, որ միայն վերջին  2 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի շուրջ 15 տոկոսով ավելացել է կենսաթոշակի միջին չափը, և ներկայումս կենսաթոշակի միջին չափը կազմում է շուրջ 41 հազար դրամ։

«Արդյոք դա բավարա՞ր է, իհա՛րկե բավարար չէ, այն խնդիրները, որ ունենք մենք՝ նաև որպես հասարակություն, վերաբերում է առաջին հերթին՝ նրան, որ մենք ծերացող  հասարակության խնդիրներին ենք նաև առնչվում։ Իհարկե 2017  թվականի բյուջեի նախագծում կոնկրետ կենսաթոշակների չափերի բարձրացման հետ կապված միջոցներ ձեռնարկված չեն, բայց դա նաև պայմանավորված է այսօվա իրողություններով, ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրներով և այն առաջնահերթ լուծելիք խնդիրներով, որ այսօր ՀՀ կառավարությունն իր ծրագրով կներկայացնի հանրությանը և ԱԺ-ին»,- նշեց նախարարը։

Արձագանքելով Ա. Ասատրյանին՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ նախարարի խոսքից կարելի է արձանագրել, որ իրականում այս կառավարությունից ոչ մի հեռանկար սպասել պետք չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս