Սիրիա է մեկնել ՀՀ Նախագահի հանձնարարությամբ առաքվող մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Սիրիա մեկնած հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ օդանավը ճանապարհել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Վարդան Մակարյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության կողմից որպես մարդասիրական օգնություն Սիրիա են ուղարկվել առաջին անհրաժեշտության պարագաներ՝ պարենային և ոչ պարենային ապրանքներ, այդ թվում՝ հագուստ, պահածոներ, շաքարավազ, ալյուր, հրուշակեղեն և այլն:

ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն ընդգծել է. «Դուք գիտեք, թե ինչ բարդ իրավիճակ է Սիրիայում, հատկապես՝ Հալեպում: Իհարկե, մարդիկ այնտեղ տառապում են, նրանց օգնություն է հարկավոր: Շատ մեծ գործ է արվում Ռուսաստանի և Հայաստանի համատեղ ջանքերով՝ ուղարկվում է մարդասիրական աջակցության հերթական բեռը Հալեպ, որպեսզի աջակցություն ցուցաբերվի այնտեղ գտնվող մարդկանց: Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք անում ենք համատեղ ջանքերով, չափազանց կարևոր է, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը չեն կարող անտարբեր մնալ այնտեղ կատարվողի ն կատմամբ: Եվ միասին մենք, իհարկե, այս բարդ իրավիճակում կօգնենք Սիրիայի բազմազգ ժողովրդին, որի մաս է կազմում և իր նշանակալի դերն ունի նաև հայկական համայնքը»:

Տեսանյութեր

Լրահոս