Բաժիններ՝

Հայտնի են Երևանի պատվավոր քաղաքացիները

Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի ավագանին միաձայն որոշում է ընդունել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել 2016 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին եւ փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Եսայանին: Կոչումները կհրապարակվեն Երևանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին:

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը արժանանում են այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով եւ բացառիկ մեծ վաստակով նպաստել են Երևանի քաղաքաշինությանը և բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեցել Երևանի տնտեսական, մշակութային զարգացման, Երևանի և այլ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման գործում, իրենց կյանքում ու անցած ուղիով նպաստել են ժողովուրդների բարեկամությունը և խաղաղության հաստատմանը, անուրանալի ավանդ ունեն մշակույթի, արվեստի, գրականության կամ գիտության զարգացման բնագավառում։

Երևանի պատվավոր քաղաքացուն հանդիսավոր պայմաններում հանձնվում է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու վերաբերյալ քաղաքապետի որոշումը, Երևանի զինանշանն ու պատվավոր քաղաքացու կոչումը պատկերող մեդալ և Երևանի պատվավոր քաղաքացու վկայական։

Երևանի պատվավոր քաղաքացու անունը գրանցվում է Երևանի քաղաքապետարանում պահվող, Երևանի պատվավոր քաղաքացիների հաշվառման հատուկ գրքում և միաժամանակ համապատասխան գրառում է կատարվում Երևանի պատվավոր քաղաքացիներին նվիրված հուշաքարի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս