«Հներն արդեն ալերգիա էին առաջացնում». Ալեքսանդր Իսկանդարյանը՝ կառավարության փոփոխությունների մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունում փոփոխություններն անհրաժեշտ էին բոլորին հայտնի պատճառներով՝ հուլիսյան դեպքեր, «Սասնա ծռերի» գործողություններ, և այլն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ակնհայտ է՝ քաղաքական համակարգի վարկանիշը բավական ցածր էր. «Թեև չունեմ հուլիսից հետո սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, բայց առանց դրա էլ պարզ է, որ կառավարության, Ազգային ժողովի և քաղաքական ուժերի վարկանիշը «պլինտուսից» ցածր մակարդակի էր»։

Ըստ քաղաքագետի՝ նպատակը մեկն է եղել՝ գտնել նոր մարդկանց, թեկուզև հենց միայն նրա համար, որ նոր են. «Հներն արդեն ալերգիա էին առաջացնում: Բացի այդ՝ տեխնոկրատական ղեկավարության ստեղծումն էլ էր առաջնային, այսինքն՝ ղեկավարություն, որը կաշխատի տնտեսության բարելավման, սոցիալական հարցերի լուծման և այլ ուղղություններով։ Բայց ես այստեղ խնդիր եմ տեսնում, որովհետև, թեկուզ Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած, թեկուզ կան բազում խնդիրներ, բայց այդ խնդիրներից ոչ մեկը կես տարում լուծել հնարավոր չէ։ Անհնար է՝ միանգամից լավացնել սոցիալական իրավիճակը, տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնել, հակամենաշնորհային օրենսդրություն ստեղծել ու այնպես անել, որ այն գործի կես տարում, անհնար է ստվերից դուրս բերել բիզնեսները, և այլն։ Կես տարում ոչինչ անել հնարավոր չէ։ Հանրության սպասելիքները հեքիաթային են. մարդիկ փոխվում են, երջանկությունը կգա, բայց այդպես չի լինում։ Անգամ, եթե ենթադրենք, որ Հայաստանից կարելի է Շվեյցարիա ստանալ, ապա այդ Շվեյցարիան պետք է երկար ժամանակահատվածում ստանալ, կես տարում Հայաստանը Շվեյցարիա դարձնել հնարավոր չէ»։

Խոսելով պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակման մասին, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, թե Վիգեն Սարգսյանը կոնսենսուսային անձնավորություն է:

«Այդ նշանակմամբ Հայաստանում կիրառվեց արևմտյան դասական մոդելը: Այսպիսի ասացվածք կա՝ պատերազմը շատ լուրջ գործ է միայն զինվորականին վստահելու համար։ Նախկինում էլ ոչ ռազմական գործիչներ պաշտպանության նախարարներ եղել են՝ Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան: Եվ ահա Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելով՝ ակնհայտ դարձավ, թե ինչքան մեծ տեղ են տալիս անվտանգությանը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս