Բաժիններ՝

Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների ավագ հովիվների միասնական հայտարարությունը

Մենք՝ Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության առաջնորդներս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք հայտնում հոկտեմբերի 4-ին Վանաձորում տեղի ունեցած անմարդկային բռնության միջադեպի առիթով:

Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, երեկ Ավագանու ընտրությունների «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանն իրեն ուղեկցող մի խումբ անձանց հետ միտումնավոր և ծրագրված կերպով ներխուժել է Վանաձորի ավետարանական հավատքի եկեղեցու աղոթատուն և դաժան ծեծի ենթարկել եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանին՝ պատճառելով նրան բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Բռնարարքից հետո վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ոստիկանությունը, հրապարակված տեղեկությունների համաձայն, հետախուզում է հայտարարել դեպքի վայրից հեռացած անձանց նկատմամբ:

Խստագույնս դատապարտելով կատարվածը՝ մենք հորդորում ենք  հանրապետության բարձրագույն ղեկավարությանն ուշադրության կենտրոնում պահել այս աղաղակող միջադեպը, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք օպերատիվ արձագանք:

Մենք համոզված ենք, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեական հանցագործություն, ահաբեկման և բռնության միջոցով եկեղեցու վրա քաղաքական ճնշում գործադրելու դրսևորում, որը պետք է ստանա իր համարժեք գնահատականն ու պատասխանը ՀՀ արդարադատության համակարգի կողմից:

Մենք տվյալ միջադեպը դիտարկում ենք հարձակում ոչ միայն կոնկրետ անձի, այլև Հայաստանի ողջ ավետարանական համայնքի դեմ՝ մեր համակողմանի զորակցությունն ու աջակցությունը հայտնելով վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանին, նրա ընտանիքին և Վանաձորի եկեղեցուն:

Մենք հորդորում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրապարակվող տեղեկությունների հավաստիությունը ճշտել հարձակման զոհ դարձած ավետարանական հովվից (հեռ.՝ 099 595947):

Լիահույս ենք, որ պատկան մարմինների պատասխանատու աշխատանքի շնորհիվ՝ միջադեպը կստանա օբյեկտիվ իրավական հանգուցալուծում:

Աղոթքով՝ Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության անունից՝

Գործող համակարգող՝
Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան
Վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան
Վերապատվելի, դոկտ. Լևոն Պարտագճյան
Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս