Վրաստանի վարչապետը «սադրանք» է որակել ընդդիմադիր պատգամավորի մեքենան պայթեցնելը
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը համարել է «սադրանք», որը պլանավորված է եղել Վրաստանի թշնամիների կողմից, որպեսզի երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ իրավիճակն ապակայունանա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Արդեն հետաքննություն է սկսվել, և կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին ձերբակալելու ուղղությամբ։ Այդ ծանր հանցագործությունը կարող է բխել միայն այն ուժի շահերից, որը չի կարող համակերպվել ազատ և հանգիստ ընտրական միջավայրի հետ, որն առկա է մեր երկրում։ Ես ցանկանում եմ դիմել նրանց, որոնք պլանավորել ու իրականացրել են այդ սադրանքը՝ դուք անպայման պատասխան կտաք օրենքի ողջ խստությամբ։ Ոչ մի հանցագործի չի կարող պաշտպանել անձեռնմխելիությունը կամ այլ երկրի քաղաքացիությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։
Երեկ երեկոյան որոտացած պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ։ Բացի այդ, լրջորեն վնասվել է մեքենայի հետևի հատվածը։ Թարգամաձեն նշել է, որ ինքը և վարորդը միջադեպի հետևանքով լուրջ վնասվածքներ չեն ստացել։