Բաժիններ՝

«Իվանիշվիլին վերադարձրեց մեզ երկիր, որտեղ մարդկանց պայթեցնում են ավտոմեքենաներում». Դավիթ Բաքրաձե

«Վրացական երազանքի» հեռացումն իշխանությունից ոչ թե քաղաքական ճաշակի հարց է, այլ անվտանգության: Այսպես է մեկնաբանել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիի կենտրոնում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Այն իրողությունը, որի վկաները դարձանք, պարզ դարձրեց մի կարևոր փաստարկ, թե ինչու պետք է 4 օրից ավարտվի այս իշխանությունը: Իվանիշվիլիի ռեժիմը մեզ վերադարձրեց երկիր, որտեղ մարդկանց ցերեկը գնդակահարում են, պայթեցնում մեքենաներում: Այդ պատճառով այդ իշխանությունը ավարտելը ոչ թե քաղաքական ճաշակի հարց է, դա մեր ապագա անվտանգության հարցն է և յուրաքանչյուր քաղաքացու փրկությունը»,- հայտարարել է Դավիթ Բաքրաձեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 21:40-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակի մոտակայքում պայթեցվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Թարգամաձեն չի վնասվել: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Նախնական տեղեկություններով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի հետևի հատվածում:

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի 19-րդ կետի հատկանիշներով (ավազակային հարձակում՝ դիտավորյալ սպանության նպատակով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս