Բաժիններ՝

5 նշան, որոնք կփրկեն փորձառու վարորդի կյանքը

Thejizn.com կայքը գրում է, որ Օլեգ Ռադուլը փորձառու զբոսաշրջիկ է։ Վերջերս ավտովթարի հետևանքով նա կորցրել է իր ընկերներին, ինչից հետո զգուշացնող թեստ է գրել, որ պետք կգա յուրաքանչյուրին։

«40 օր առաջ իմ ընկերները մահացու վթարի ենթարկվեցին դեպի սարեր գնալու ճանապարհին այն պատճառով, որ մեքենայի մեջ բոլորը, այդ թվում՝ վարորդը, քնել էին։ Երբ մահացու վթարի է ենթարկվում անծանոթը, հաճախ մտածում ես, որ նա, հնարավոր է՝ անփորձ է, ավելորդ ինքնավստահ և այլն, մեզ հետ նման բան տեղի չի ունենա։ Այս անգամ լրիվ հակառակ իրավիճակ էր։ Այս անգամ տղաներ են մահացել, ովքեր վերջին 10-15 տարիների ընթացքում մշտապես մեքենայով կամ սարեր են գնացել, կամ ծով՝ առանց դադարի անցնելով հազարավոր կիլոմետրեր։ Վադիմը, ով իրեն «պրոֆեսիոնալ դատարկախոս» էր անվանում, կարող էր օրերով խոսել ցանկացած, նույնիսկ անծանոթ վարորդի հետ։ Իսկ Սմոլինը, ով ինձնից զգույշ էր վարում, միշտ ուշադրությամբ հետևում էր իր վիճակին։

Նրանք բոլորը հրաշալի կարողանում էին պայքարել քնի դեմ, զգալ հոգնածության վրա հասնելը և հասկանալ այն պահը, երբ վարորդին պետք է փոխարինել։ Իմանալով վթարի մասին՝ շատերը նույնիսկ չէին կարողանում հավատալ, որ նրանցից որևէ մեկը կարող էր քնել ղեկին։ Եվ ամեն դեպքում դա տեղի ունեցավ։ Ընդամենը մեկ անգամ, բայց այնպես, որ խլեց երեքի կյանքն էլ։ Տեսնելով նրանց այլանդակված մեքենան, լինելով վթարի վայրում, դիտելով տեսագրությունները՝ ես հասկացա մի պարզ, ընդհանուր առմամբ տրամաբանական մի բան՝ չեմ կարող ասել, թե ես նրանցից որևէ մեկից ավելի խելացի եմ կամ փորձառու։ Թե տարիքը, թե փորձը, թե վարելու ոճը բոլորիս դեպքում գրեթե նույնն է։ Դա նշանակում է, որ ես ևս, ինչպես նրանք, կարող եմ հեշտությամբ մահանալ մայրուղու վրա նույն ձևով։ Այստեղ ես նորից վերադառնում եմ իմ հին հարցին՝ ինչպե՞ս խուսափել սրանից։ Դեռ 10 տարի առաջ, երբ սկսեցի մեքենայով հեռու վարեր գնալ, առաջին հերթին՝ սկսել էի ինձ համար ամենաարդյունավետ միջոցները գտնել՝ քնի դեմ պայքարելու համար։ Թարմանալու բազմաթիվ միջոցներ ունեի՝ սուրճ, արևածաղիկ, էներգետիկ ըմպելիքներ, զբոսանքներ, մարզանք և այլն։ Հետո ես հասկացա, որ ճիշտ բան չեմ փնտրում։ Դրանցից ոչ մեկը չի կարող ինձ անվտանգություն երաշխավորել։

Պարադոքսը հետևյալում է. այս ամենը ոչ այլ ինչ է, քան շարժումը շարունակելու միջոց, իսկ կարևորը ժամանակին կանգ առնել կարողանալն է։ Այստեղ ժողովրդական ասացվածքը չի աշխատում՝ հոգնել ես, հանգստացիր։ Ի՞նչ է նշանակում՝ հոգնել։ Ողջ Մոսկվան աշխատանքից տուն հոգնած է գնում։ Որտե՞ղ են օբյեկտիվ չափանիշները, երբ հոգնածությունը դեռևս կարելի է տանել և երբ պետք է կանգնել կողնակում։ Այս չափորոշիչները պետք է ակնհայտ և միանշանակ լինեն։

Ընդհանուր առմամբ ես այսպիսի 5 չափորոշիչ ունեմ։ Դրանք ստուգված են մեքենայի ղեկին անցկացված հազարավոր գիշերներով։ Կանոնը շատ պարզ է՝ գերադասելի է ինքդ քեզ չհասցնել նման վիճակի։ Բայց եթե զգաք այս նշաններից որևէ մեկը, անհրաժեշտ է կանգ առնել կամ ղեկը հանձնել այլ վարորդի։ Չի կարելի շարունակել վարել։

1. Նկատում ես, թե ինչպես ես թարթում աչքերդ։ Սա ամենաակնհայտ և միանշանակ չափորոշիչն է։ Փորձեք հիշել այն պահը, թե երբ եք աչքերը վերջին անգամ թարթել։ Խնդիրն այն է, որ սովորական վիճակում մարդը չի նկատում այն պահը, երբ աչքերը թարթում է։ Դա այնքան արագ է տեղի ունենում, որ պարզապես ուշադրություն չես դարձնում դրան։ Իսկ երբ դա ակնհայտ է դառնում, խոսքն արդեն «անջատման» մասին է. արագ կանգնեցրեք մեքենան կողնակում։

2. Տեսողության խաբկանք։ Կողնակում երևացող առարկան հեռվից այլ է թվում, իսկ երբ մոտենում եք, այն կա՛մ փոխում է ձևը, կա՛մ առհասարակ անհետանում։ Սա սահմանային աստիճան է՝ աչքերը դեռ բաց են, սակայն ուղեղը չի հասցնում մշակել ստացված ինֆորմացիան. այն արդեն քնած է։ Եվս մի քանի րոպե, և գիտակցությունն առհասարակ կանջատվի։

3. Աչքը չի հասցնում կենտրոնանալ։ Փորձում եմ հայացքս ճանապարհից տանել դեպի նշանները, ապա վերադարձնել ճանապարհին։ Քանի՞ կիլոմետր էր։ Կրկնում եմ։ Նորմալ վիճակում աչքը հասցնում է դիրքավորվել, և ամեն ինչ շատ լավ երևում է։ Իսկ երբ քունդ տանում է, աչքը չի հասցնում ադապտացվել պայմաններին, և անհնար է դառնում մի հայացքով նկատել նշանները։

4. Ալարում եք լարել հիշողությունը։ Փորձեք 18-ը բազմապատկել 3-ով։ Նորմալ իրավիճակում դա խնդիր չէ։ Իսկ քնող մարդու համար սա ոչ թե դժվար է, այլ դա նրան առհասարակ անհրաժեշտ չէ։ Նույն պատճառով նա ալարում է նաև խոսել։ Դրա համար անհրաժեշտ է լարվել, պահել խոսակցության թելը, բառեր ընտրել։ Ի դեպ, ցանկացած խոսակցություն ծանրաբեռնում է ուղեղը, այդ պատճառով էլ նա, ով խոսում է, չի քնի, իսկ եթե սրահում լռություն տիրի, բոլորը կքնեն։ Այդ պահին անհրաժեշտ է կանգ առնել՝ չնայած ձեզ թվում է, թե կարող եք շարունակել ճանապարհը։ Ընկերներիս հետ ամեն ինչ հենց այսպես է տեղի ունեցել. նախ՝ սրահում լռություն է տիրել, իսկ որոշ ժամանակ անց վթարն է տեղի ունեցել։ Ի դեպ, ամենալավը թարմացնում է ոչ թե դատարկախոսությունը, այլ հուզող որևէ թեմայի շուրջ խոսակցությունը։

5. Փոքր խախտումներ։ Երկու կամ երեք անգամ մոռացե՞լ եք հեռակա լուսարձակներից անցնել մոտակա լուսարձակների։ Քնելու ժամանակն է։ Չե՞ս կարող հիշել վերջին ճանապարհային նշանը։ Իսկ նախավերջի՞նը։ Քնելու ժամանակ է։ Կանգ առե՞լ ես թարթող դեղին լույսի պայմաններում, իսկ կանաչի՞ դեպքում։ Ինքներդ էլ հասկանում եք…»։
Խնդիրն այն է, որ վարորդին պետք է չէ հարցնել՝ «լսո՞ւմ ես, լա՞վ ես»։ Պատասխանը բոլոր դեպքերում դրական է լինելու։ Դրա փոխարեն պետք է մի քանի հարցեր տալ, որոնց պատասխանելու համար կա՛մ մտածելու, կա՛մ ուշադրություն դարձնելու անհրաժեշտություն կա։

Այս բոլոր չափոփոշիչները, իհարկե, լավն են, հատկապես, երբ միայնակ եք։ Եվ անհրաժեշտ է ջանքեր գործադրել սրանց չհասնելու համար։ Իսկ եթե զգում եք սրանցից որևէ մեկը, անհրաժեշտ է կանգ առնել։ Սա, սակայն, անվտանգության ավելի շատ անհրաժեշտ, քան բավարար պայման է։ Միակ տարբերակը, որում ես 100 տոկոսով համոզված եմ, ընկերակից ունենալն է և մշտապես խոսելը։ Ոչ այնքան նրա համար, որ թարմ մնաք, այլ՝ որպեսզի հսկեք մեկդ մյուսին։ Խոսակցությունը դադարե՞լ է. երկուսդ էլ քնելու կարիք ունեք։

Պահպանեք ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս