«Գյուղատնտեսության ոլորտում դժգոհ են բոլորը` թե գյուղացին, թե վերամշակողը». Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր գյուղատնտեսության առաջիկա և հեռանկարային զարգացման ծրագրային հիմնադրույթները քննարկելու նպատակով խորհրդակցություն է հրավիրել: Մասնակցել են նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է.
«Գյուղատնտեսության ոլորտում պետությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք թեպետ որոշակի արդյունքներ տվել են, սակայն այսօր բավարար չեն, և մենք ունենք մի իրավիճակ, երբ դժգոհ են բոլորը` թե գյուղացին, թե վերամշակողը, իսկ սա նշանակում է, որ սուբսիդավորման ծրագրերը սխալ են աշխատում, ուստի անհրաժեշտ է վերանայել մոտեցումները, օպտիմիզացնել դրանց իրականացման մեթոդները, որպեսզի «արտադրությունից մինչև շուկա» շղթայում ներգրավված բոլոր սուբյեկտները շահույթով աշխատեն: Գյուղացին և վերամշակողն իրենց խնդիրների բեռով ամեն օր թակում են նախարարության դուռը, և մենք պետք է ստեղծենք ռեալ գործիքակազմ` նրանց օգնության ձեռք մեկնելու համար»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:
Նախարարի խոսքով` անհրաժեշտ է ստեղծել պետական երաշխիքով գործող հիմնադրամ, որի միջոցով հնարավոր կլինի լուծումներ տալ գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման և իրացման խնդիրներին, առավել մատչելի պայմաններով վարկավորում ապահովել գյուղոլորտի համար: Հիմնադրամը կունենա նաև գյուղատնտեսական միավորումների կողմից ավել արտադրված և չիրացված արտադրանքի պետական երաշխիքով գնման և իրացման ֆինանսավորման գործառույթ, որը թույլ կտա արտադրող տնտեսություններին սպառել իրենց ավելցուկ արտադրանքը և ապահովել ֆինանսական կայունությունը:
Նախարարի տեղակալներին հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն մարզային գյուղատնտեսական զարգացման 5 տարվա ծրագրերի մշակմամբ:
Անդրադառնալով կոոպերատիվների ստեղծման խնդիրներին` Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ պետք է լրացնել այն օրենսդրական բացերը, որոնք խանգարում են գյուղացիական տնտեսություններին միավորվել, լրացուցիչ խթաններ ստեղծել, այդ թվում` պետական աջակցություն ցուցաբերել ներդրումների տեսքով, որպեսզի գյուղացին կարողանա ինքը դառնալ գյուղմթերքի վերամշակողը, ինչպես նաև՝ իրացման կազմակերպման հնարավորություններ ունենա:
Ըստ նախարարի՝ միջինացված հաշվարկով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբսիդավորման ծավալը պետք է լինի ընդհանուր արտադրված գյուղմթերքի ծավալի 10-15%-ը, որպեսզի կարողանանք այս ոլորտում ռեալ աճ և զարգացում արձանագրել, ուստի անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ոլորտի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու ուղղությամբ:
Քննարկվել են նաև գյուղատնտեսական ապահովագրության ներդրման, բնակլիմայական աղետների վնասների հաշվարկման թափանցիկության ապահովման, վիճակագրության, նախարարության կառուցվածքային բարեփոխումների, աշխատանքի արդյունավետության ավելացման և այլ խնդիրներ, պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: