«Նաիրիտի» հարցը պետք է վեր դասել կուսակցականից և միավորվել
Այսօր նաիրիտցիները բողոքի ակցիայի էին հավաքվել ՀՀ նախագահական նստավայրի՝ Բաղրամյան 26-ի առջև: Պահանջը նույնն է` վերագործարկել «Նաիրիտը»: Ցուցարարներից երկուսին հրավիրել են ՀՀ նախագահի նստավայրի քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանի մոտ:
«Նաիրիտի» նախկին աշխատակից Արմեն Դեմիրճյանը 168.am-ին հայտնեց, որ իրենք նամակով դիմել էին նախագահին` խնդրելով անձնապես հսկել նախարարների աշխատանքը. «Անվստահություն էինք հայտնել և ճիշտ էինք արել»:
Ա.Դեմիրճյանի խոսքով` նամակները մակագրվել էին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին, ով խորհուրդ էր տվել ուսումնասիրել նախարարության կայքում ներդրողների հանդեպ իրենց դիրքորոշումը.
«Բայց նամակների բաժնում ինչ-որ բան է փոխվել, նամակները նորից ուսումնասիրել են և ասացին, որ մեզ կընդունի վարչապետը: Թե ե՞րբ` կերևա հինգշաբթի օրը»:
«Նաիրիտի» նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը նշեց, որ նախագահականից հետո ցուցարարներն իջել և բողոքի ակցիան շարունակել են Ազգային ժողովի մոտ.
«Գիտեինք, որ «Հայկական վերածնունդը» մեր հարցը պետք է բարձրացնի ԱԺ-ում: 2 ամիս շարունակ միասին նախագիծ ենք կազմել` «Նաիրիտին» արտոնություններ տալու համար` պարտքերը զրոյացնելու, հարկային արտոնություններ տալու, և այլն: Բնականաբար, քիմիական այս հսկային պետք է դա տրվի, որպեսզի ներդրողներին չվանենք: Կարևոր չէ, թե որ կուսակցությունն է հարցը բարձրացնելու: Հուսով ենք, որ մյուս կուսակցությունները, սկսած Հանրապետականից, ըմբռնումով կմոտենան, որ շատ կարևոր է «Նաիրիտի» հարցը, և պետք է կուսակցականից վեր դասել, միավորվել ու դրական արձագանքել»:
Կ.Շահվերդյանը նշեց, որ հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա հինգշաբթի օրը, ՀՀ կառավարության շենքի մոտ, երբ նախատեսվում է վարչապետի և եվրոպացի ներդրողների հանդիպումը: