«Ինչո՞ւ ԱՄՆ-ը դադարեցրեց Ռուսաստանի հետ համագործակցությունը Սիրիայում, և ի՞նչ է սպասվում հայ համայնքին». մեկնաբանում է Սարգիս Քասարջյանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իրականացրեց Մոսկվային ուղղված նախազգուշացումը՝ դադարեցնելով համագործակցությունը Ռուսաստանի հետ սիրիական հակամարտության շուրջ։ Օրերս Քերին հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել Սիրիայի հարցով Մոսկվայի հետ համագործակցությունը, եթե սիրիական զորքերն ու ռուսական ավիացիան չդադարեցնեն Հալեպ քաղաքի վրա հարձակումը: Ինչպես հայտնել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ այդ նախազգուշացումն արվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ չորեքշաբթի օրը անցկացրած հեռախոսազրույցի ժամանակ:
Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ Քերին խորին անհանգստություն էր հայտնել իր ռուս գործընկերոջը՝ կապված այն բանի հետ, որ շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչներ են տուժում, հրետակոծության են ենթարկվում հիվանդանոցներ, շինություններ, դպրոցներ:
Նշենք, որ այդ զգուշացումից հետո Հալեպի ազատագրմանն ուղղված ռուսական գործողությունները շարունակվել էին։ ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին՝ տեղեկացրել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը հայտնել է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորություններն իրականացնելու անհրաժեշտության մասին:
168.am-ը համագործակցության արդյունքների, համագործակցության կասեցման պատճառների ու հետևանքների մասին զրուցեց Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու, պատերազմական լրագրող Սարգիս Քասարջյանի հետ։
– Պարոն Քասարջյան, երեկ ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ–ը դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը, որն ուղղված էր Սիրիայում զինադադարի պահպանմանը։ Այս համագործակցությունը որևէ կերպ մեղմե՞լ էր սիրիական պատերազմի թափը։ Դուք ի՞նչ պատճառներ եք տեսնում այս որոշման հիմքում։
– Պետք է հիշել, որ համագործակցությունն այդքան մեծ արդյունք չտվեց, այսինքն՝ պատերազմական գործողություններն այդ բանակցությունների ընթացքում չդադարեցին, այլ ինչ-որ փուլերում մեղմվեցին, սակայն սա չի նշանակում, որ այն ապարդյուն էր։ Ի վերջո, համագործակցությունն իր դերն ուներ հատկապես Հալեպի ներսում կամ Հալեպի շուրջ ընթացող պատերազմական գործողությունների ծայրահեղ ծանր վիճակը մեղմելու հարցում։
Սակայն այդ համագործակցությունը սպասվող արդյունքը չբերեց, իսկ սպասվող արդյունքը պատերազմական գործողությունների դադարեցումն էր։ Այդ համագործակցությունը մեծ արդյունք չտվեց պարզ պատճառով, քանի որ պարտավորություններ կատարելու հարցը Ռուսաստանի համար շատ ավելի հեշտ է, քան ԱՄՆ-ի համար։
Ռուսաստանի դեպքում պարտավորություն կատարողը Ռուսաստանն ու սիրիական պետությունն է, որի հետ ՌԴ-ն համագործակցում է, ՌԴ-ն հեշտությամբ համաձայնության է գալիս Ասադի հետ և պարտավորությունները հեշտությամբ իրականացնում։
ԱՄՆ-ի պարագայում իրավիճակը շատ ավելի բարդ է, որովհետև Սիրիայում կան բազմաթիվ կողմեր, խմբավորումներ, որոնք բոլորն էլ մեծամասնությամբ իրենց նյութական և կազմակերպչական աջակցությունը ստանում են ԱՄՆ-ից, սակայն մենք այսօր խոսում ենք խմբավորումների մասին, որոնք կապված են Սաուդիան Արաբիայի, Քաթարի, Թուրքիայի հետ, կան արդեն միջազգային «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղավորումներ Սիրիայում, խոսքը «Ջաբաթ-ալ-Նուսրայի», ԴԱԻՇ-ի կամ ԻՊ-ի մասին է, սրանք բոլորը, կառավարվելով տարբեր կենտրոններից, խոչընդոտեցին, որ պայմանավորվածությունները չկատարվեն ըստ պատշաճի։ ԱՄՆ-ը այս պատճառով դժվարին կացության մեջ հայտնվեց միջազգային հանրության աչքում և սկսեց Ռուսաստանին մեղադրել՝ պնդելով, թե Ռուսաստանն իր խոսքը չի հարգում։
Եթե նկատի ունենանք ոչ պաշտոնական խողովակներով ստացվող տեղեկատվությունը, ապա հստակ է, որ Ռուսաստանից պահանջվող բոլոր կետերն իրականացվել են, իսկ ամերիկյան կողմը չի կարողացել ապահովել բոլոր կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարումը։ ԱՄՆ-ը չկարողացավ նույնիսկ որոշել, թե որոնք են ահաբեկչական խմբավորումները, որոնք են խաղաղ ընդդիմադիրները։
Երկրորդ՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին չտվեց «Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումների կենտրոնների տվյալները, որպեսզի կարողանան հարվածները ճիշտ իրականացնել։ Այս բոլորը պատճառ դարձան, որ ԱՄՆ-ը դադարեցրեց համագործակցությունը՝ ասելով, թե Ռուսաստանը չհարգեց պայմանավորվածությունները՝ առանց նշելու, թե որոնք են պայմանավորվածությունները, որոնք չեն հարգվել։ ԱՄՆ-ը փախուստի է փորձում դիմել այս հարցում, որովհետև չի հաջողում կատարել իր խոստումները։
Հստակ է, որ այսօր սիրիական հակամարտության հիմնական դերակատարներն ԱՄՆ-ը ու եվրոպական պետությունները չեն, կա ուղիղ միջամտություն Սաուդիան Արաբիայից, Քաթարից, Թուրքիայից և նույնիսկ՝ Իսրայելից։ 2012-2013թթ. միայն գաղտնի խողովակներով էինք այս ներգրավվածության մասին տեղեկություններ ստանում, այսօր բացահայտ կերպով այս երկրները հայտարարություններ են անում այս մասին, սպառնում են, որ խմբավորումներին կօժտեն ամերիկյան հրթիռներով։ Այսինքն՝ ուղիղ կերպով միջամտում են։ Թուրքիան ուժեր ունի Սիրիայի հյուսիսում՝ թե քրդերի, թե ԻՊ-ի դեմ պատերազմելու համար։ Այս բոլոր կողմերի առկայության դեպքում մեկ համաձայնության մասին խոսելը շատ բարդ է։ Իսկ Ռուսաստանն ունի իր հետ սիրիական և իրանական պետությունները, «Հըզբոլլահ» խմբավորումը, որը հեշտորեն ենթարկվում է կայացվող որոշումներին։
– Համագործակցության խզումն ի՞նչ հետևանքներ կունենա սիրիական պատերազմի վրա։
– Բնականաբար, ավելի կբարդանա երկրում անվտանգության իրավիճակը, ռազմական գործողությունները կակտիվանան, զինյալ կողմերը կրկին կփորձեն հարձակումներով ճնշել սիրիական պետությանը։ Սակայն այսօր, եթե մենք շատ ընդհանուր կերպով դիտարկենք իրավիճակը Սիրիայում, ապա Դամասկոսում սիրիական պետությունը կարողացավ հասնել հաջողությունների՝ զինյալների ուղարկելով քաղաքից դուրս, մի շարք շրջաններում ևս հաջողություն գրանցեց, Հալեպում սիրիական զորքը լավ ընթացքի մեջ է, եթե այսպես շարունակվի, ապա 15 օրվա կամ մեկ ամսվա ընթացքում Հալեպ քաղաքը զինյալներից ամբողջությամբ կմաքրվի։ Այսինքն՝ զինյալները որևէ հաջողություն չեն ունենա, լուծում չունեն, հետևաբար՝ պետք է փորձեն միջազգային պետությունների նկատմամբ ճնշումներ բանեցնելու միջոցով վերականգնել իրենց դիրքերը։
– Օրերս Հալեպում ծանր իրավիճակ ստեղծվեց Ձեր նշած գործողությունների հետևանքով, հայկական համայնքի կողմից աջակցություն ակնկալիքներ կան, ԱԳՆ նախարարին էին կոչեր ուղղվում՝ աջակցելու համայնքին։ Այս պահին ինչպիսի՞ աջակցության կարիք ունի հայ համայնքը Սիրիայում։ Այս պայմաններում նաև ի՞նչ ապագա եք տեսնում հայերի համար Սիրիայում։
– Սիրիայում հայ համայնքի ապագան, ցանկացած սիրիացու ճակատագրի նման՝ շատ բարդ, շատ մութ, շատ անորոշ է։ Այսօր Սիրիայում սիրիացու ու հայի պայմանների միջև տարբերություն չկա, ընդհանուր առմամբ անորոշ, վտանգավոր, ծանր իրավիճակ է բոլորի համար, տարբերություն չկա, ծանր օրեր են։ ՀՀ-ն կարող է միայն օժանդակել այն հարցերում, որոնց կարիքն ունի հայ համայնքը, այն ընտանիքներին, որոնք ցանկանում են դուրս գալ Սիրիայից, նյութական կարիքները կարող է հոգալ։ ՀՀ-ն չունի այդքան ներուժ այս հարցերում իր քաղաքական խոսքն ասելու համար, հետևաբար՝ միայն օժանդակություն պետք է լինի, և ոչ՝ քաղաքական կեցվածք։