Առաջիկայում ջերմաստիճանը կբարձրանա. Զարուհի Պետրոսյան
Առաջիկա հինգ օրում սպասվում են առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի բարձրացում: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերին Երևանում և Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 28-29-ի, իսկ նվազագույնը կտատանվի 13-14-ի սահմանում: Ըստ Զ. Պետրոսյանի կանխատեսումների՝ հոկտեմբերին ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս:
«Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում միջին ամսական ջերմաստիճանը՝ մինչև 14, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ մինչև 8, Լոռիում՝ մինչև 10, Տավուշում` մինչև 12-13, Վայոց Ձորի հովտային շրջաններում՝ մինչև 14, լեռնային շրջաններում՝ մինչև 7-8, Սյունիքի մարզում մինչև` 14-15 աստիճան տաքություն»,- նշեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:
Ինչ վերաբերում է վիճակագրական վերլուծություններին, ապա Զարուհի Պետրոսյանը նշեց, որ Երևանում, Արարատյան դաշտում և Հայաստանի հովտային շրջաններում «աշունն սկսվելու է հոկտեմբերի կեսերից հետո»: Նրա խոսքով, աշունը համարվում է այն ժամանակահատվածը, երբ միջին օրական ջերմաստիճանը 15-ից ցածր է լինում, սակայն առաջիկայում տարբերությունը նորմայի և դիտված ջերմաստիճանի միջև կմեծանա մոտ 2-3 աստիճանով: