«Գյումրիում պետք է ՀՅԴ-ն գոնե 10 տոկոս ձայն ստանար». Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում ավարտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից: Նրա խոսքով՝ ընտրախախտումների մասին ահազանգերը շատ չեն եղել, ինչը դրական է: «Խոսելով արդյունքների մասին՝ կարող եմ ասել, որ մենք չենք ունեցել համայնքի գործող ղեկավար, ով պարտվել է: Եղել է 2-3 դեպք, որոնք վերաբերվում են միավորված համայնքներին: Այսինքն՝ մի քանի համայնքներ միացել են, մենք մի փոքր համայնքում ունեցել ենք համայնքի ղեկավար, որը չի ընտրվել: Ունենք համայնքներ, որտեղ մեր թեկնածուները հաղթել են 15-20 տարվա համայնքի ղեկավարների»,- նշեց Ա. Վարդանյանը:

Խոսելով հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին՝ Ա. Վարդանյանը նշեց, որ իրենք բավարարված չեն արդյունքներով: «Եթե Վանաձորում կարողացանք հաղթահարել շեմը 6.4 տոկոսով, որը դարձյալ ցածր արդյունք եմ համարում, ապա Գյումրիում այդ շեմը չհաղթահարեցինք, բնականաբար, արդյունքներից դժգոհ ենք»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ Գյումրիում ՀՅԴ-ն լավ է աշխատել, թեկնածուների ցանկը լավն էր, և ինքը վստահ էր, որ Գյումրիում պետք է ՀՅԴ-ն գոնե 10 տոկոս ձայն ստանար:

Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները մինչև վերջ քաղաքականացված չեն, և դեռ էական նշանակություն և ազդեցություն ունեն թաղային հեղինակությունների շահերը: «Այս առումով մենք մտածելու, վերլուծելու լուրջ խնդիր ունենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինքն արդեն իսկ հանձնարարել է կուսակցության տարածքային կառույցներին՝ վերլուծել իրավիճակը և ներկայացնել պատճառները:

Տեսանյութեր

Լրահոս