Բաժիններ՝

Պուտինը հրաման է ստորագրել Ազգային գվարդիայի ստեղծման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի Ազգային գվարդիայի դաշնային ծառայության մասին հրամանը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է «Իզվեստիան»։

Հրամանի համաձայն՝ գերատեսչությունը պաշտոնապես կոչվելու է Ռոսգվարդիա։ Բացի այդ՝ Պուտինը թույլատրել է գերատեսչության ղեկավարին ունենալ 7 տեղակալ, ինչպես նաև սահմանել է մի շարք պաշտոններ։

Փաստաթղթում նշվում է, որ Ռոսգվարդիայի կառուցվածքում նախատեսված են ոչ միայն զինվորական պաշտոններ, դրանց հավասար պահպանվելու են ոստիկանության աշխատակիցների և պետծառայողների պաշտոնները։

Բացի այդ՝ Ռոսգվարդիան իր վրա դրված խնդիրների իրականացման համար համար կարող է ՌԴ-ի տարբեր շրջաններում ստեղծել սեփական տարածքային ոստիկանական ստորաբաժանումները։

Պուտինի հրամանագրով՝ նոր գերատեսչությունը ստացել է իրավունք՝ միջոցառումներ մշակել քաղաքացիական ավիացիայի ոլորտում ավիացիոն անվտանգության ապահովման համար։

Փաստաթղթով նախատեսվում է Ռոսգվարդիայի իրավունքը՝ մասնակցել Պետական պաշտպանական պատվերին, ձևակերպել իր հարցումները, համագործակցել պաշտպանական և գիտական ձեռնարկությունների հետ՝ նոր տեխնիկայի և սպառազինության ստեղծման նպատակով՝ գերատեսչության շահերի շրջանակում։
Ազգային գվարդիայի զորքերի մասին օրենքների փաթեթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հուլիսի 3-ին։

Նոր դաշնային մարմնի աշխատակիցները զբաղվելու են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարով, ապահովելու են արտակարգ դրության ռեժիմը և հակաահաբեկչական գործողությունները, զբաղվելու են հատուկ բեռների և կարևոր պետական օբյեկտների պահպանությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս