
«Սիրիայում պատերազմական իրավիճակին հայերն արդեն սովոր են եւ խուճապի չեն մատնվում». ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

Սիրիայում քաղաքական լարված իրադրության հետեւանքով Հայաստանում իրենց ապաստանն են գտել 20 հազար սիրիահայեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը, զբաղվածության եւ կացության խնդիրները խանգարում են սիրիահայերին վերջնականապես ինտեգրվել մեր հասարակությունում:
«Մի շարք հասարակական-բարեգործական ընկերություններ, ինչպես նաեւ միջազգային կառույցներ կացության վարձավճարներ են տրամադրում սիրիահայերին: Սակայն բնակվարձի կարիք ունեցող սիրիահայերի թիվն անընդհատ փոփոխվում է եւ սա բավական մեծ խնդիր է առաջացնում»,-ասաց Զաքարյանը:
Անդրադառնալով Հայաստանում սիրիահայերին անհանգստացնող աշխատանքի խնդրին, Զաքարյանը նշեց, որ սիրիահայերի մեծ մասն ունի աշխատանք, սակայն աշխատանքի վարձատրության չափը վերջիններիս չի գոհացնում: «Սիրիահայերից շատերը չեն համակերպվում աշխատանքի վարձատրության հետ` նշելով, որ Սիրիայում իրենց աշխատավարձերը համեմատաբար բարձր էին»,-ասաց նա:
Սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ սիրիահայերի մի շարք խնդիրներ արդեն իսկ սահուն կերպով իրենց լուծումն են ստացել:
«Առողջապահությունը նրանց համար անվճար է: Այն սիրի ահայերը, ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, վարձավճարներ են ստանում: Անվճար լուծվում է նաեւ սիրիահայերի գերեզմանատեղերի խնդիրը»,-հավելեց Զաքարյանը:
Այն հարցին, թե վերջին օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում տեղի ունեցող ռմբակոծությունների արդյունքում արդյոք Հայաստան սիրիահայերի հոսք է նկատվել, Զաքարյանը պատասխանեց՝ ոչ: Նաև հավելեց, որ Սիրիայում պատերազմական իրավիճակին հայերն արդեն սովոր են եւ խուճապի չեն մատնվում:
Սիրիայում պատերազմի պատճառով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ պետություններում փախստականի կարգավիճակով: Երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: