«Փոփոխությունների գնալով՝ Սերժ Սարգսյանը փորձեց չեզոքացնել իր իշխանությանը խանգարող վտանգները». Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում իրավիճակ փոխելու համար էնտուզիաստների թիմ է հարկավոր, որոնք պատրաստ են գնալ ինքնազոհության։ Նրա խոսքով, թեև Կարեն Կարապետյանը լավ տնտեսագետ է, բայց արդյո՞ք այն անձնավորությունն է, որն ունեցել է այդ տեսլականը. «Գուցե քողարկված եղել է, չի ասել, բայց ամեն դեպքում, եթե մարդը զգում է այդ վիճակը, գոնե պետք է լսած լինեինք նրա մտահոգությունները և տեսլականը, թե ինչպես կարող է իրավիճակ փոխել։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցներում այդ մտահոգությունը տեսել եմ, բայց Կարեն Կարապետյանի դեպքում՝ ոչ։ Երևում է, որ շատ լավ տնտեսագետ է, բայց դա բավարար չէ այդ թռիչքը կատարելու համար, իսկ Հայաստանին թռիչք է պետք»։
Իրավապաշտպանը նկատեց՝ եթե նույնիսկ ընդունենք, որ նա այդ մարդն է, արդյո՞ք նա ազատ է իր որոշումները կայացնելու մեջ, արդյո՞ք տրված է այդ քարտ-բլանշը, արդյո՞ք նա կառավարությունը կազմեց այնպիսին, ինչպիսին ինքն էր ուզում, և ունե՞ր արդյոք այդ համախոհները, եթե ինքն այդպիսին էր. «Սրանք հռետորական հարցեր են։ Նախարարներ կան, որոնք անձեռնմխելի են, որոնք ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում են նշանակվում։ Արդյոք նա ունի՞ այն հենարանն ԱԺ-ում, որ, եթե ունենա ինչ-որ բան փոխելու ձգտում, այդ հենարանը լինի. իհարկե՝ ոչ, որովհետև այդպիսի բարեփոխումներ անելու համար նա պետք է դիպչեր այդ համակարգի ամենակարևոր կետերին։ Եվ հետո, տնտեսական զարգացման համար քաղաքական կամքը կարևոր է, բայց բավարար չէ, որովհետև ազատ մրցակցությունն ապահովում է անկախ դատաիրավական համակարգը»։
Թե այս փոփոխություններն ինչի՞ համար էին, ըստ Ա. Իշխանյանի՝ 2014թ. Սերժ Սարգսյանը մտածում էր իշխանության մնալու մասին ու սկսեց չեզոքացնել վտանգները. «Գագիկ Ծառուկյանին չեզոքացրեց, Քոչարյանից եկող վտանգը փորձեց չեզոքացնել՝ Դաշնակցությանը կոալիցիա մտցնելով, որովհետև որտե՞ղ եք տեսել, որ բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը 5 տոկոսին բերի ու տա այդպիսի քաղաքական պորտֆելներ։ Պաշտոններ տվեց Քոչարյանին հավատարիմ մարդկանց, ու մնաց ներքին հակառակորդը, որը Հովիկ Աբրահամյանն էր։ Այս ամբողջ փոփոխությունները հավակնություն ունեցող Հովիկ Աբրահամյանին հեռացնելն էր՝ ապագա իր իշխանության համար։ Ինձ համար այս ամենը շատ պարզ է։ Բայց նույնիսկ այս պայմաններում կուզենայի, որ կառավարությունը որոշակի հաջողությունների հասներ»։