
ԴԱԻՇ-ի առաջնորդների գաղտնի խորհրդակցությունը վերածվել է հրաձգության. The Daily Star

Իրաքյան նահանգում ԴԱԻՇ-ի պարագլուխների գաղտնի խորհրդակցությունն ավարտվել է հրաձգությամբ, հայտնում է The Daily Star-ը։
Ինչպես հայտնել է շիական «Խաշդ աշ-Շաաբի» աշխարհազորայինների ներկայացուցիչ Ջաբբար Մաամուրին, ԴԱԻՇ-ի առաջնորդները հավաքվել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Իրաքի Դիլյալա և Սալահուդդին նահանգների միջև ընկած հատվածում, որպեսզի կոորդինացնեն հետագա տակտիկական և ռազմավարական պլանները կրած կորուստներից հետո։
Մաամուրիի խոսքով՝ ԴԱԻՇ-ի տեղացի, արաբ և մյուս առաջնորդների միջև, որոնց ազգային պատկանելությունը չի ճշտվում, վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է հրաձգության։
Ինչպես նշվում է, սպանվել է ԴԱԻՇ-ի նվազագույնը 1 ղեկավար, 3 անձ վնասվածք է ստացել։
Աղբյուրի խոսքով՝ վերջին շրջանում ԴԱԻՇ-ի ներսում հակամարտությունները սկսել են հաճախակիանալ՝ կապված կենդանի ուժի, տարածքների կորուստների և ֆինանսական կորուստների ավելացման ֆոնին։