«2017-ը լինելու է կայունության տարի». Ֆինանսների նախարար
Կառավարությունը պետք է ոչ միայն մարտահրավերները մատնանշի, այլև դրանց բանալին ունենա և լուծումներ տա: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 2017թ. պետական բյուջեն արտացոլում է տնտեսական իրողությունները: Ըստ նրա` տնտեսական վիճակի բարդության մասին վարչապետի գնահատականն իրականություն է, բայց բացասական սպասումներ պետք չէ ձևավորել:
«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլև մեր տարածաշրջանի և աշխարհի տնտեսություններին»,- ասաց Վարդան Արամյանը` նշելով, որ 2014-15թթ.-ից սկսած տնտեսական երկու խոշոր զարգացում եղավ` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում և համաշխարհային շուկաներում հումքի գների անկում:
Նրա խոսքով` Հայաստանի արտահանումների 50%-ը հանքահումքային ապրանքն է, իսկ վերջին 2-3 տարիներին տրանսֆերտները 700 մլն դոլարի չափով կրճատվել են, այս տարի էլ 140 մլն-ով կկրճատվեն, այսինքն` այդքան արտարժույթ չի մտել Հայաստան:
Վ. Արամյանը տնտեսությունը համեմատեց մարդու օրգանիզմի հետ, որ սառը քամիներից հյուծվում է, իսկ հաբ ընդունելիս վերականգնումն անմիջապես չի կատարվում:
Նորանշանակ նախարարը հայտարարեց, որ, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկեր, ապա արդյունքը բացասական կլիներ: Նա նշեց, որ 2014-15-16 թթ. ՀՀ պարտքը 900 մլն դոլարով աճում է, այսինքն` մոտ այնքան, որքան կրճատվել են տրանսֆերտները:
Նախարարը նշեց, որ 2016թ. ակնկալում են մոտ 2.4% իրական աճ` նախապես կանխատեսված 2.2%-ի փոխարեն, իսկ 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել: Ըստ նրա` ծրագրվում է, որ այս տարին կավարտեն 1.6 տրիլիոն հարկային ցուցանիշով, որը 80 մլրդ-ով պակաս է սպասվածից: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ:
Վ. Արամյանի կարծիքով` ծախսերը մի քանի անգամ կրճատել անհնար է, բայց քանի որ պարտքն աճել է, պետք է կոնսոլիդացիայի գնալ, որ կարողանանք առաջիկա տարիներին պարտքը կառավարելի պահել: Նա օրինակ բերեց Թուրքիան, որ 2004թ.-ին կանգնել էր պարտքի անկառավարելիության խնդրի առջև: Հայաստանի համար նմանատիպ ռիսկ Վարդան Արամյանը չի տեսնում: Ըստ նրա` կանխիկ հոսքերը պետք է ճիշտ կառավարել, իսկ Թուրքիայում խնդիրը եղել է այն, որ պարտքի գերաճի դեպքում տնտեսական աճ չի եղել, իսկ մեզ մոտ աճ կա և ապագայում էլ կանխատեսվում է:
«Մենք ապրել ենք արտաքին բացասական ազդակների տակ, բայց մյուս տարի սպասումները դրական են լինելու, ՌԴ տնտեսությունն ու փոխարժեքն արդեն կայունացել են»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով` հաջորդ տարի 150 մլրդ դրամի պակասուրդ կա, որի 70 մլրդ-ը ներքին աղբյուրների հաշվին կապահովեն, մնացած մոտ 80 մլրդ-ը` արտաքին աղբյուրների հաշվին: Նախարարը նշեց, որ փորձել են հարկերը չափից շատ չկանխատեսել, որը նշանակում է՝ տնտեսվարողներից անհարկի գանձումներ, և սպասվում է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ եկամուտներ:
Վ.Արամյանի գնահատականով` պետք է ՀՆԱ 4.4% աճ, որպեսզի վերելք սկսվի, իսկ 2017-ը լինելու է կայունության տարի: