«Տիգրան Մուկուչյանը հասկանում է պատասխանատվության չափը». Հովհաննես Սահակյան
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության հարցը։
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ հանձնաժողովի որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի պաշտոնում դարձյալ առաջարկվել է ներկայիս ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը։
Նա նկատեց, որ 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով այլևս ԿԸՀ անդամներին և նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը։
«Մեր հանձնաժողովում առաջադրելու իրավունք ունեին հանձնաժողովի անդամների մեկ երրորդը, և յուրաքանչյուր տեղի համար՝ մեկ թեկնածու։ Մենք ունենք 7 թեկնածուներ, որոնցից մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է, և այս պահին մենք քննարկում ենք Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը։ Հանձնաժողովում քննարկումներն անցել են բավականին բովանդակային, հանձնաժողովի անդամներն իրենց հուզող հարցերը ներկայացրել են։
Բավականին մեծ, ծավալուն աշխատանք է սպասվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, և նաև դա է պատճառը, որ մենք որոշեցինք առաջադրել մեր ԿԸՀ այսօրվա կազմին, որ փորձառու են, բանիմաց են, գիտակ են ու հասկանում են պատասխանատվության չափը»,- նշեց Հ. Սահակյանը։