ԵԱՀԿ ՄԽ-ն հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական RIA Novosti գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհամաձայնեն հանդիպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով։
«Հուսով ենք, որ նախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպման անցկացման համար: Ներկա դրությամբ հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետը հստակեցված չեն»,- ասել է Ուորլիքը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կողմերի հետ՝ դրա լուծման նպատակով։
«Նյու Յորքի ՄԱԿ ԳԱ-ի ժամանակ համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև հետագա քայլերը: Ամսվա վերջին տարածաշրջան այցի ժամանակ մենք ծրագրում ենք անցկացնել հանդիպումներ և հարցերը քննարկել կողմերի հետ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում՝ եռակողմ ձևաչափով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Ավելի վաղ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել էին մայիսի 16-ին Վիեննայում։