ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայում «սատանայի հետ գործարք կնքել». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարությանը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը ափսոսանք է հայտնել և հիասթափություն՝ կապված ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարության հետ։
«Մեզ մոտ ամրապնդվում է տպավորությունը, որ Դամասկոսում իշխանափոխության հասնելու ձգտման նպատակով Վաշինգտոնը պատրաստ է «գործարք կնքել սատանայի հետ»՝ դաշինք կազմելու ահաբեկիչների հետ, որոնք երազում են պատմությունը հետ շրջել»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
«Խաղադրույքները շատ բարձր են։ Եթե Սիրիան ամերիկյան որոշումների հետևանքով դառնա ահաբեկիչների նոր հարվածների թիրախ, մեղքը կընկնի Սպիտակ տան վրա: Ընտրությունը Վաշինգտոնինն է, որտեղ պետք է սթափ կշռադատեն, թե ինչ ապագա են ուզում սիրիացի ժողովրդի համար»,- նախազգուշացնում է Մոսկվան:
ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել համագործակցության շարունակության համար անհրաժեշտ պայմանը՝ սահմանազատել չափավոր ընդդիմադիրներին և ահաբեկիչներին:
Երեկ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են երկկողմ շփումները Ռուսաստանի հետ Սիրիայի հակամարտության ապաէսկալացիայի հարցով։
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքով՝ այդ որոշումը «ամերիկյան կողմին հեշտ չի տրվել»: Դրա պատճառը եղել է Ռուսաստանի կողմից Սիրիայի հրադադարի մասին պայմանագրի իր պարտականությունները չկատարելը: