Վանաձորում գնդակը ոչ իշխանական ուժերի ձեռքում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, թե իշխանություններն ինչպես են պատրաստվում 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց համար մեծամասնություն ապահովել: Այսպիսով՝ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներում իշխանություններին հաջողվեց մարդկանց ուղղորդել տեղամասեր եւ հասնել այն բանին, որ նրանք դժգոհությունները մի կողմ դնեն եւ իրենց ձեռքով քվեարկեն իշխանությունների օգտին:
Արդյունքում, Գյումրիում ՀՀԿ-ն ուրիշի` «Բալասանյան դաշինքի» դեմքով ստացավ բացարձակ մեծամասնություն`15 մանդատ, նրա հետ ավագանու անդամներ կունենան ԲՀԿ՝ 8 հոգի, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) 4 եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը` 4 մանդատ: Իսկ Վանաձորում, որտեղ ՀՀԿ-ն իր դեմքով էր հանդես գալիս, չկարողացավ բացարձակ մեծամասնություն ունենալ. ընդամենը 13 մանդատ: ՀՅԴ-ն 2 մանդատ ստացավ:
Հիմա գնդակը ոչ իշխանական ուժերի` 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան»-ի, 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»-ի (ՕԵԿ), 3 մանդատ ստացած ԲՀԿ-ի ձեռքում է: Նրանք կարող են միավորվել եւ Վանաձորի քաղաքապետ ընտրել իրենց թեկնածուին` ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին լուսանցքում թողնելով: Հուսանք` լուրջ քվեներ հավաքած ԼՀԿ ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը կդառնա ընդդիմության միասնական թեկնածուն եւ կընտրվի Վանաձորի քաղաքապետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: