
«Հայկական վերածնունդը» կքննարկի համագործակցության մասին «Լուսավոր Հայաստանի» առաջարկը

«Հայկական վերածնունդն» ընդհանրապես համագործակցությունը միշտ դիտարկում է որպես արդյունավետ, բայց այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, որոնց հետ համապատասխանում է արժեքային մոտեցումները, ծրագրերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը` մեկնաբանելով Վանաձորում կոալիցիա կազմելու և միասին քաղաքապետ ընտրելու հարցում համագործակցության մասին «Լուսավոր Հայաստանի» առաջարկը:
Ըստ նրա` Վանաձորում համագործակցության հարցը պետք է քննարկել. ««Լուսավոր Հայաստանը» վերջերս է մտել քաղաքական դաշտ, ունի իր մոտեցումները: Չեմ կարծում, որ համագործակցությունը զուտ իրավիճակային պետք է լինի: Մենք մեր դիրքորոշումները հստակ կարտահայտենք: Դրական ենք վերաբերում, իրենց տեսակետներն ունեն շատ հարցերում, նոր հայացք է, ստացել են քվեներ, մնացածը պաշտոնապես կհայտարարենք»:
Մ.Շահգելդյանը նշեց, որ Վանաձորում և Գյումրիում ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվել, ավելին, իր կարծիքով, նման բան հնարավոր չէ: