«Ոչ թե պետք է քար շպրտել հաղթողի վրա, այլ պետք է պրոբլեմները տեսնել իր մեջ». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հոկտեմբերի 2-ին հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ընտրախախտումների մասին ահազանգերին և փաստերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցու&#xx0574; ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ահազանգերն ու խախտումները շատ ավելի փոքր ծավալի են եղել, քան նախորդ ընտրությունների ժամանակ: «Բացի այդ, չի եղել մի ահազանգ, որի հետևից իրավապահները չգնային ու չարձագանքեին: Իսկ ահազանգերի մի մասն ընդհանրապես կեղծ դուրս եկան»,- նշեց նա:
ԱԺ փոխնախագահն այն կարծիքին չէ, որ խախտումներ ընդհանրապես չեն եղել, սակայն նկատում է, որ այդ խախտումները ոչ Գյումրիում, ոչ Վանաձորում, ոչ էլ այլ համայնքներում չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Եվ ես այսօր լրատվամիջոցներից իմացա, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը, որը հավակնում էր դառնալ միակ ընդդիմությունը կամ ինստիտուցիոնալ ընդդիմությունը, ընդունել է իր պարտությունը: Այդպես է աշխարհում կարգը, ոչ թե պետք է քար շպրտել հաղթողի վրա, այլ պետք է պրոբլեմները տեսնել իր մեջ, վերլուծություն անել, ինչպես մենք ենք պատրաստ վերլուծություն իրականացնել բոլոր այն համայնքներում, որտեղ խնդիրներ ենք ունեցել»,- ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ չնայած ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի արձանագրած հաջողությանը, կուսակցությունը չի առաջնորդվում «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով. նրա խոսքով` այդ սկզբունքը մնացել է 20-րդ դարում, իսկ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ: