2017 թ. խորհրդարանական ընտրություններում պայքարը տարածվելու է անձերի միջև

«Համախմբում» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ հանրապետության մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններից առանձնապես ակնկալիքներ չուներ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ս.Մարգարյանը նշեց, որ իրենք այս ընտրություններին նայում էին՝ որպես փոփոխության շրջանի նման մի բան` 2017 թվականի ընտրություններից առաջ:

Իրենց կուսակիցների արդյունքներից Ս.Մարգարյանը գոհունակություն հայտնեց, հատկապես` Գյումրիի, քանի որ իրենք ընդամենը 2 ամիս առաջ էին ստացել վկայականը. «Գյումրիի դեպքում մեկ ամսվա կուսակցության համար այդ արդյունքը բավական շոշափելի է»:

Վանաձորում արձանագրված վատ արդյունքները Ս.Մարգարյանը պայմանավորեց ընտրություններին մասնակցելու մասին որոշումն ուշ կայացնելով: Ըստ նրա` ՏԻՄ ընտրություններում համատարած է եղել «կարուսելը», որը, նրա կարծիքով, խիստ վտանգավոր է դառնում ռեյտինգային քվեարկություն կոչվածի պարագայում: Նա չհամաձայնեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գնահատականի հետ, որ ընտրությունները քաղաքական էին:

Պատգամավորը հայտարարեց, որ կուսակցությունն իր ուժերը կփորձի նաև 2017 թ. խորհրդարանական ընտրություններում, սակայն մտահոգություն հայտնեց, որ անձերի պայքարը տարածվելու է ռեյտինգային քվեարկության ժամանակ. «Ռեյտինգային քվեարկությունները լինելու են շատ ավելի անձնավորված, ավելի թաղային ու ավելի խնամիաբարեկամական կապերով, քան այս ՏԻՄ ընտրություններն էին: Եվ այդ ընտրություններն իրենց բնույթով լինելու են բացարձակ ապաքաղաքական, ինչն արդեն վտանգավոր է մեր երկրի համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս