«Պատերազմական ճակատի այդ երկայնքով հայկական թաղամասերն են». արաբագետ

Հալեպի հայ համայնքին աջակցելու համար պետական համակարգված մոտեցում է անհրաժեշտ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանը:

«Հալեպում մնացած հայերի թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, սակայն մի քանի հազարի է հասնում: Հալեպից նրանց դուրս չգալու պատճառները տարբեր են: Մի մասը գտնում է, որ այնտեղ իրենց տներն են, և պետք է մնա, պաշտպանի, մի մասն էլ ցանկանում է դուրս գալ, բայց հնարավորություն չունի: Զարգացումները ցույց են տալիս, որ ընդդիմադիրների կողմից ռմբահարումներն ուղղված են լինելու դեպի այն տարածքներ, որտեղ կառավարական ուժերն են վերահսկում: Իսկ պատերազմական ճակատի այդ երկայնքով հայկական թաղմասերն են:

Հետևաբար, պետք է հասկանալ, որ կարող է ավելի բարդ իրավիճակում հայտնվենք: Անհրաժեշտ  է, որ կառավարությունը համապատասխան գործառույթներ ստանձնի և փորձի որոշակի լուծումներ առաջարկել ճգնաժամային իրավիճակի զարգացման դեպքում պետության անելիքների վերաբերյալ», ասաց Հայկ Քոչարյանը:

Արաբագետը նշեց, որ Սիրիայում բարեբախտաբար շարունակում են գործել Հայաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունը: Նա նկատեց, որ այնտեղ բավական փորձառու մարդիկ են աշխատում, հետևաբար կարող են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները:

Ըստ Հայկ Քոչարյանի` կան դեպի Հալեպ տանող ճանապարհներ, որոնք վերահսկվում են կառավարական ուժերի կողմից: Հետևաբար, տեղում աշխատելով` հնարավոր կլինի ցանկացողներին դուրս բերել քաղաքից:

Տեսանյութեր

Լրահոս