«Հալեպում պատերազմական գործողություններն ագրեսիվ փուլ են մտել». արաբագետ

Հալեպում պատերազմական գործողություններն ագրեսիվ փուլ են մտել, ինչի պատճառներից մեկը հրադադարի ձախողումն է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հ ետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանը:

Նրա խոսքով, կոալիցիոն ուժերի կողմից իրականացվեց ռմբահարում Դեր Զորում գտնվող սիրիական կառավարական ուժերի ուղղությամբ, ինչը սիրիական կառավարական ուժերը գնահատեցին որպես բացահայտ ագրեսիա իրենց նկատմամբ: Ըստ արաբագետի` սա հանգեցրեց նրան, որ կողմերն սկսեցին մեղադրել մեկը մյուսին, ինչն էլ խանգարեց  հրադադարի պահպանմանը:

«Հրադադարի հաստատման ուղղությամբ սկսված քաղաքական գործընթացը  հույս էր ներշնչում, որ կարող է հաջողություն լինել, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Սրացումն ակնհայտ երևում է Հալեպի արևելյան շրջաններում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել վերահսկողությունը»,-ասաց նա:

Արաբագետը նկատեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի ԱՄՆ-ն ավելի շատ զբաղված է իր ներքին հարցերով, հետևաբար, առիթից օգտվելով, մյուս ուժերը Սիրիայում փորձում են ամրապնդել իրենց դիրքերը: Այդ տեսանկյունից իրավիճակը բարենպաստ է նախագահ  Բաշար ալ-Ասադի համար: Ստեղծված հնարավորություններից փորձում է օգտվել  Ռուսաստանը` ձգտելով ամրապնդել իր դիրքերը այդ տարածաշրջանում:

Հայկ Քոչարյանի խոսքով, սա հուշում է, որ առաջիկայում` մինչև տարեվերջ, ականատես ենք լինելու նոր սրացումների: Մարտնչող կողմերը պատրաստվում են հաջորդ բանակցային գործընթացին, որն, ըստ նրա, անխոս պետք է լինի:

Տեսանյութեր

Լրահոս