ԴԱԻՇ-ի առաջնորդ Ալ-Բաղդադիին փորձել են թունավորել․ԶԼՄ-ներ
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին փորձել են թունավորել, հայտնում է Iraqi Media News Agency-ն՝ վկայակոչելով Նայնավա նահանգի սեփական աղբյուրներին։
Հենց այդ նահանգում է գտնվում ԴԱԻՇի գլխավոր հենակետը՝ Մոսուլ քաղաքը։
«Հետախուզության տվյալներ են ստացվել, որ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին և ևս 3 հայտնի հրամանատարներ թունավորվել են սննդում լցված թույնի հետևանքով»,- պնդում է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Մոսուլից հարավ-արևմուտք՝ սիրիական սահմանից ոչ հեռու։
«ԴԱԻՇ-ը կալանավորումներ է իրականացրել այն շրջանում, որտեղ եղել է Ալ-Բաղդադին»,- ասել է զրուցակիցը՝ նշելով, թե զինյալները տառապում են ծանր թունավորումից և նրանց անհայտ վայր են տեղափոխել։
Iraqi Media News Agency-ի զրուցակիցը հավելել է, թե ԴԱԻՇ-ի առաջնորդի տեղափոխման մասին հայտնի է միայն նրա մտերիմներին, նա մշտապես փոխում է իր գտնվելու վայրը։