
«Անպայման կզանգեմ, կշնորհավորեմ իմ գործընկերներին». Արմեն Աշոտյանը՝ Վիգեն Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի մասին

«Ուրախ եմ, որ կառավարությունն ավարտական տեսքի բերվեց իր սահմանադրական ժամկետներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Վիգեն Սարգսյանի նշանակման, և արտաքին գործերի նախարարի պաշտոնում՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակման մասին։
«Մաղթում եմ հաջողություն նոր կառավարությանը, և հատկապես կառավարության նոր ծրագիրը գրելիս, կարծում եմ, ունենք հնարավորություն՝ քաղաքական տարբեր առաջարկություններ, տեսակետներ և հարթություններ համադրելու։ Կարծում եմ՝ Ազգային ժողովում 20 օրերի ընթացքում մեզ սպասում են հետաքրքիր քննարկումներ։ Ինչ վերաբերում է կառավարության հետ կապված այլ հարցադրումներին, կարող եմ ասել միայն, որ անպայման կզանգեմ, կշնորհավորեմ իմ գործընկերներին, բայց իմ ասուլիսն այդ թեմային չէ նվիրված այսօր»,- ասաց Արմեն Աշոտյանը։